ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է թույլատրել սիգի արդյունագործական որսը

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է թույլատրել սիգի արդյունագործական որսը

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Սևանա լճում թույլատրել սիգի և կարասի արդյունագործական որսը։ Նախարարության մշակած «ՀՀ կառավարության 2019 թ․ սեպտեմբերի 30-ի N1293-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագծի համաձայն՝ արդյունագործական որսի իրականացումը կարասի դեպքում կլինի անսահմանափակ, սիգի դեպքում՝ 200 տոննա առավելագույն քանակով։ Խոսքը մեկ տարի ժամանակահատվածի մասին է։ Միևնույն ժամանակ սահմանվել են արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքի ու ելքի 17 տեղամասեր։ Բացի սիգ և կարաս ձկնատեսակներից, մյուս տեսակների որսը կշարունակի արգելքի տակ մնալ։ 

Սիգ ձկնատեսակի որսը հնարավոր կլինի իրականացնել օրվա միայն լուսային ժամերին Մեծ Սևանի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա, դնովի ցանցերի միջոցով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի)։ Կարելի կլինի որսալ 500 գրամ և ավելի քաշ ունեցող ձկներին։ Այսինքն մանրաձկների որսն արգելված կմնա։ 

Նախագծի մշակման աշխատանքներում ներգրավված է եղել նաև ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը։ Ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց․«Մենք առաջարկել ենք ձկնորսական միավորումներ ստեղծել և արտոնագրեր տրամադրել նրանց, ոչ թե՝ անհատների։ Ոչ թե ամեն ձկնորսի առաջ պահանջ դրվի, այլ՝ միության ղեկավարի, ինչը ինքնավերահսկման հնարավորություն կտար։ Չհամաձայնեցին։ Մենք նաև հայտնել էինք, որ արդյունագործական որսի ժամանակը դեռ չի եկել։ Արդեն մոտ 5-6 տարի որսի արգելք կա, բայց դա բավարար չէ, ձկնապաշարները շատ են նվազել։ Որսը շարունակվում է, ամենուրեք ձկան վաճառք է գնում, ինչը թույլ չի տալիս պաշարներն ավելանան»,- ասաց նա։

Բարդուխ Գաբրիելյանը նախագծի ռիսկերից մեկը համարում է այն, որ նախագծի ընդունման դեպքում կօգտվեն սիգի ապօրինի արտադրությամբ զբաղվող մարդիկ․ «Եթե մինչ այս մարդկանց պատասխանատվության կանչելը հնարավոր էր, որովհետև որսը կտրականապես արգելված է, ապա արդյունագործական որսի թույլատրումից հետո դժվար կլինի հաստատել նրանց հումքի գողացված լինելը»,- պարզաբանեց Գաբրիելյանը։

Ըստ Բարդուխ Գաբրիելյանի, 2019 թ․ Սևանա լճում համեմատաբար փոքր ձկնապաշար է գրանցվել 2018 թ․ համեմատ։ Սևանա լճի ամբողջ ձկնապաշարը 2019 թ․ կազմել է 2800 տոննա, որից սիգի արդյունագործական պաշարը գնահատվել է 660, իշխանինը՝ 1-1,5 տոննա։ Դա պայմանավորված է անկառավարելի որսի իրականացմամբ։ Գաբրիելյանի խոսքով՝ սիգի արդյունագործական որսը ճիշտ կլիներ թույլատրել այն դեպքում, երբ պաշարները կազմեին առնվազն 1000 տոննա։ 

Հավելենք, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը։ Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է այս ծրագրի իրականացումը՝ հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը։

  • Կիսվել: