««Շողակաթը» փակենք, գումարը տանք Հանրային ռադիոյին»․ Շիրինյանը՝ դեմ է, ՔՊ-ն՝ կողմ
Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի և ՔՊ-ականների միջև թեժ քննարկում տեղի ունեցավ։
ՔՊ-ական Ծովինար Վարդանյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակել և բյուջեն տրամադրել Հանրային ռադիոյին։
«Բովանդակությունը շատ միատարր է, չեմ կարող ասել, որ այն մշակութային, բազմատարր ալիք է, որը կարող է ներգրավել շատ ավելի հեռուստադիտողների։ Ֆինանսների արդյունավետության տեսանկյունից գուցե նաև սուղ ֆինանսների շրջանակում, գուցե վերաբաշխումների կարիք կա՞»,- նշեց Ծովինար Վարդանյանը։
Շիրինյանն էլ իր հերթին չհամաձայնեց Ղազարյանի հետ, նշելով․ «Արդյունավետությունը միանշանակ 4 ալիք և 4 անսամբլ, հանրային ռադիոյի բյուջեի ծախսով են գոյատևում․ ժողգործիքների անսամբլն է, Սայաթ-Նովա անսաբլն է՝ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ և Ռուբեն Մաթևոսյանի սիմֆոնիկ էստրադային նվագախումբն է՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, Արևիկ մանկական անսամբլն է՝ Վահե Հայրապետյանի ղեկավարությամբ։ Եթե հայկական ժողովրդական նվագարանների վրա ոչ ոք չնվագի, չլինի անսամբլ, այդ երաժշտությունը չձայնագրվի և չհաղորդվի, ի վերջո այդ գործիքները կդադարեն կենդանի լինել։ Մենք ունենում ենք հաճախակի ինֆորմացիաներ, որ այս կամ այն կրթօջախում այս տարի չի բացվել այսինչ խումբը, օրինակ՝ Կոնսերվատորիայում Քանոնի ոչ մի դիմորդ չի եղել»։
Վարդանյանի խոսքով՝ պետությունը գումար է տրամադրում մի ալիքի, որն ինքն իրեն չի արդարացնում․ «Եթե ունենք սուղ բյուջե, և տեղ կա, որտեղ ավելի արդյունավետ ներդրում կարելի է անել, ինչպես օրինակ՝ Հանրային ռադիոն է։ Ավելի արդյունավետ կաշխատի Հանրային ռադիոն։ Մտածե՞լ եք այդպիսի վերաբաշխման մասին»։
Արա Շիրինյանի խոսքով՝ արդյունավետ ծախսը շատ որոշակի գործողություններ են, որոնք չափվում ենք միջազգային ստանդարտներով․ «Ես այսպես հասկացա, որ կարելի է «Շողակաթը» փակել, ֆինանսավորել ռադիոն։ Դա ընդհանրապես օրինաչափ գործողություն չէ, որովհետև դա կառավարում չէ, այլ պանիկայի մեջ ինչ-որ գործողություններ կատարել է, որովհետև կառավարումն այն է, երբ դու անում ես բոլոր անհրաժեշտ գործողությունները ոլորտը պահպանելու և զարգացման հնարավորություններ տալու։ Ես չեմ համարում, որ թե՛ «Շողակաթը», թե՛ Հանրային ռադիոն անարդյունավետ են աշխատում, նրանք աշխաում են իրենց կարողությունների չափով, երբեմն նույնիսկ ավելին։
Դա միջազգային նորմ է, պարտադիր է։ Այդ միջազգային նորմը նենց չի որ իրենք մեզ համար են հորինել։ Եթե չլինի մշակութային հաղորդում, մեր հասարակությունը կդառնա քաղաքական կուսակցությունների հասարակություն, մարդիկ պիտի կարողանան հեռուստացույցից և ռադիոյից իրենց մյուս հետաքրքրասիրությունները կարողանալ բավարարել։ Ճաշակի հարցով չեմ ուզում վիճել, դա շատ մասնավոր նկատառում է»։
Թագուհի Ղազարյանն էլ նշեց, որ մշակութային ալիքի դեպքում թող մրցույթ լինի․ «Վերցնել տալ մի հատ կրոնական կազմակերպության, որը ամենևին ամբողջ քաղաքացիներին չի ներկայացնում և Հայաստանի բազմազանությունը չի ներկայացնում, խտրականացնում է փոքրամասնություններին, որի շուրջ մենք խնդիր ունենք։ Բացեք մայիսին «Շողակաթի» եկեղեցական ժամ հաղորդումները, տեսեք, որ իրենք միտինգներ են լուսաբանում»։
Շիրինյանի խոսքով՝ հարցն այն է, որ հանրային հեռարձակման մրցույթ գոյություն չունի, նման բան նախատեսված չէ․ «Դուք կարող եք օրենք մտցնել, որ մշակութային օրենքը էսպես է կազմակերպվում։ «Շողակաթը» կրոնական ալիք չէ, այլ մշակութային ալիք է։ Եթե դուք կարող եք ապացուցել հակառակը, եթե ինչ-որ մեկը մոնիթորինգ է արել, պարզել է՝ ինչ է գնում «Շողակաթի» եթերում։ Ես համաձայն չեմ, ես չեմ տեսել քաղաքական ցույցի լուսաբանում «Շողակաթի» եթերում, սա չի համապատասխանում ճշմարտությանը»։
Սիսակ Գաբրիելյանն էլ արձագանքեց Շիրինյանին․ «Ես չգիտեմ Հին Կտակարանո՞ւմ, թե՞ Նոր Կտակարանում է գրված, որ ցույցերը կրոնական կամ մշակութային են։ Լուսաբանվել է սահմանազատման գործընթացը և արել են արտահայտություններ, որոնք իրենց բնույթով քաղաքական են»։
Շիրինյանն էլ ասաց, որ իրադարձությունների լուսաբանման մեջ կարող են հնչել նաև արտահայտություններ, դա իրականության մաս է, ոչ թե հեռուստաընկերության քարոզչության մաս․ «Այո, կարող է մեկ կամ երկու անգամ մի բան հնչի։ Սկզբունքորեն եկեղեցական կյանք լրատվական թողարկումը լուսաբանում է եկեղեցու կյանքը։ Քանի որ եկեղեցին նույնպես ներքաշված է եղել քաղաքական պրոցեսներում, այդ իրադարձությունների լուսաբանման մեջ կարող են հնչել նաև արտահայտություններ, դա իրականության մաս է, ոչ թե հեռուստաընկերության քարոզչության մաս»։