երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգը գնել է Հայաստանի խոշոր օպերատորներից մեկը՝ «Ռոստելեկոմը»

Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգը գնել է Հայաստանի խոշոր օպերատորներից մեկը՝ «Ռոստելեկոմը»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում հաստատել է Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգի կողմից Հայաստանի խոշորագույն օպերատորներից մեկը՝ «GNC Alfa»-ը գնելու գործարքը:

Գնորդը «Տաշիր» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է եւ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանը, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:

ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արմեն Հունանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ընկերությունը մտադիր է 2,5 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար) ներդնել հեռահաղորդակցության ցանցի զարգացման համար, նաև տարեկան 1,5-ից մինչև 1,8 մլրդ դրամ (3-3,5 մլն դոլար)՝ «GNC Alfa»-ի գործող ենթակառուցվածքի վերազինման համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ-ի հոկտեմբերի 19-ին ՀԾԿ հանձնաժողով է դիմել «Ռոստելեկոմի» ռուսաստանյան բաժնետեր «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ն` հայտնելով, որ ՌԴ քաղաքացի, ֆիզիկական անձ Արման Ունանյանը և ՀԷՑ–ը նախատեսում են Կիպրոսում գրանցել նոր ընկերություն` Molitro Holdings Limited, որը ձեռք կբերի «Ռոստելեկոմի» հայաստանյան դուստր ձեռնարկության միակ բաժնետեր Filor Ventures Limited ընկերության 100 տոկոս բաժնեմասը։

ՀԾԿՀ-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, որից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ վերջինը ԱԱԾ-ի հետ քննարկումների արդյունքում չի առարկում գործարքի կայացմանը։

«Ռոստելեկոմի» ղեկավար Միխայիլ Օսեևսկին նախորդ տարվա դեկտեմբերին հայտնել էր, որ Հայաստանում գործող դուստր ընկերության՝ «GNC-Alfa»-ի վաճառվող ակտիվների նախնական արժեքը 25 մլն դոլար է։

2012 թվականի փետրվարին «Ռոստելեկոմը» դարձել է GNC Alfa-ի գլխավոր բաժնետերը` 22,5 մլն դոլարով ձեռք բերելով ընկերության 75%-ը`հանած մեկ բաժնետոմս, ինչպես նաեւ հնարավորություն ստացել ձեռք բերել մնացած 25%-ը՝ գումարած մեկ բաժնետոմս։ 2019 թվականի օգոստոսին Ռոստելեկոմն օգտվել է այդ հնարավորությունից եւ գնել մնացած բաժնետոմսերը։ Այդ ժամանակ GNC Alfa-ն մեծ ներդրումային ծրագիր էր իրականացնում միջազգային օպտիկական մալուխների անցկացման ոլորտում, ինչը թույլ տվեց մի քանի անգամ ավելացնել երկրում միջազգային ինտերնետ-թրաֆիկի թողունակությունը։ Այդ ժամանակ GNC Alfa-ն մանրածախ ծառայություններ չէր մատուցում եւ թրաֆիկը վաճառում էր միայն տեղական ինտերնետ մատակարարներին։ Ընկերությունն ու դրա օպտիկամանրաթելային ցանցը ձեռք բերելուց հետո Ռոստելեկոմը Հայաստանում ինտերնետ եւ IP-հեռուստատեսություն էր առաջարկում նաեւ վերջնական սպառողին։

  • Կիսվել: