ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սահմանվել է, թե որ դեպքերում է հնարավոր հեռավար աշխատանքը. խորհրդարանը քննարկեց նախագիծը

Սահմանվել է, թե որ դեպքերում է հնարավոր հեռավար աշխատանքը. խորհրդարանը քննարկեց նախագիծը

Հայաստանի ազգային ժողով ներկայացված նախագծով սահմանվել է, որ  հեռավար աշխատանքը հնարավոր է, եթե կա փոխադարձ համաձայնություն, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս և արտակարգ բնույթ կրող դեպքերի պարագայում:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ և լրացումներ:

«Նախագծով սահմանել ենք, թե ինչ է հեռավար աշխատանքը. հեռավար աշխատանքն աշխատողի կողմից աշխատանքի վայր չներկայանալով աշխատանքի կատարումն է: Հստակ սահմանել ենք, որ հեռավար աշխատանքը հնարավոր է երեք փոփոխականների պարագայում, առաջինը փոխադարձ համաձայնությունն է, երկրորդը՝ եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս, երրորդը՝ արտակարգ բնույթ կրող դեպքերի պարագայում»,-ասաց փոխնախարարը:

Սահմանվել է, որ գործատու-աշխատող փոխադարձ համաձայնությամբ են հստակեցվում հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, նաև նյութերի ծախսերի փոխհատուցման կամ տրամադրման պայմանները:

Ըստ փոխնախարարի՝ այս փոփոխությունները շատ սպասված են տարբեր գործատուների և աշխատողների կողմից, ինչը կնպաստի Հայաստանի աշխատաշուկա բարձր արտադրողականություն ունեցող աշխատուժի ներգրավմանը, ինչն էլ ազդեցություն կունենա տնտեսության տարբեր ոլորտների վրա:

  • Կիսվել: