հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանից տրանսֆերտները կարող են նվազել. նախարար (տեսանյութ)

Ռուսաստանից տրանսֆերտները կարող են նվազել. նախարար (տեսանյութ)

Ուկրաինական պատերազմով ստեղծված իրավիճակում Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները կարող են նվազել, իսկ ստեղծված խնդիրների պատճառով հայկական բիզնեսից որոշակի ժամանակ կպահանջվի՝ վերադասավորվելու համար։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ գնահատելով Հայաստանի ֆինանսական կայունությունը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր ֆինանսական կայունության գնահատականը բազմաթիվ հարցերից է կախված և վերջին շրջանում, ինչպես տարածաշրջանում առհասարակ, Հայաստանում առկա են ռիսկեր, որոնք պայմանավորված են մեր հարևանների, բարեկամների մոտ ընթացող տնտեսական զարգացումներով՛՛։

Խաչատրյանի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի տնտեսական կապերը շատ սերտ են, և կան մի քանի ուղղություններ, որոնք առաջին հերթին էական նշանակություն ունեն տարվա կանխատեսումների համար։ 

Այսպես՝ նա առանձնացրեց տրանսֆերտները, ՀՀ-ից արտահանումը դեպի ՌԴ, լոգիստիկ դժվարությունները:

՛՛Շարունակում ենք մեծապես ունենալ տրանսֆերտային աջակցությունը մեր հայրենակիցներից իրենց բարեկամներին, որոնք բնակվում են Հայաստանում։ 2018, 2019, 2020 2021 թվականներին այդ տրանսֆերտների միջին տարեկան չափը կազմել է 850 մլն դոլարի չափ, ֆիզիկական անձանց փոխանցումների մասին է խոսքը։ Եթե մենք համեմատելու լինենք այս ցուցանիշը նրա հետ, ինչ տեղի է ունեցել 2014-15 թվականներին համանման իրավիճակում, ապա այս ցուցանիշը 40-50 տոկոսով նվազելու ռիսկի կարող է ենթարկվել՛՛,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: