շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ-ն չի դադարել լինել ՀՀ-ի դաշնակիցը, հենց Ռուսաստանը կանգնեցրեց ԼՂ հակամարտությունը բախման փուլում. Ռուսակով

ՌԴ-ն չի դադարել լինել ՀՀ-ի դաշնակիցը, հենց Ռուսաստանը կանգնեցրեց ԼՂ հակամարտությունը բախման փուլում. Ռուսակով

«Իրավունք» օրաթերթը գրում է․ «Աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Եվրոպա-Ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ռուսակովը, ում հետ զրուցեցինք տարածաշրջանային աշխարհաքաղաքական ակտուալ գործընթացների մասին:

— Հայաստանում գտնվելիս` Դուք ականատես եղաք քաղաքական շարժումներից մեկի ջահերով երթին, որի մասնակիցները փողոց էին դուրս եկել հակառուսական կարգախոսներով եւ Ռուսաստանի հասցեին ուղղված մեղադրանքներով: Նրանց հիմնական մեղադրանքներից մեկն այն է, որ հայ- ադրբեջանական հակամարտությունում Ռուսաստանը իբր գրավել է ոչ թե դաշնակցի, այլ՝ միջնորդի դիրք: Ինչպե՞ս կարող եք պատասխանել այս մեղադրանքներին:

— Ես կարող եմ հասկանալ, որ այստեղ որոշակի թվով մարդիկ նման կերպով են տրամադրված: Բայց ես հեռու եմ այն մտքից, որ Ռուսաստանը դադարել է լինել Հայաստանի դաշնակիցը եւ զբաղեցրել դիտորդի կարգավիճակ` դատելով հենց այն ջանքերից, որ այն գործադրում է: Հենց Ռուսաստանը կարողացավ զինված փուլում կանգնեցնել ԼՂ հակամարտությունը, ստորագրվեց փոխադարձ փաստաթուղթ՝ այն այլ հունով տանելու նպատակով:

Այստեղ հեշտ լուծում չկա, բայց Ռուսաստանը իր ուշադրությունը չի թեքել Հայաստանից: Իսկապես, սահմանային հակամարտությունների համատեքստում կային թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ մասնակցության հետ կապված հարցեր: Այստեղ մեծ խնդիրն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա հստակ սահմանազատում: Այս աշխատանքը սահմանվել է դեռեւս երկու տարի առաջ նախորդ պայմանագրերով:

 

Որպեսզի այս հակամարտությունը նման ձեւեր չստանա, պետք է ակտիվացնել այդ աշխատանքը: Դրա համար ռուսական կողմն առաջարկել է Խորհրդային Միության գլխավոր շտաբի հին քարտեզները, որպեսզի այս սահմանը գծվի: Այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի: Ռուսաստանի՝ Հայաստանը լքելու թեման չի շրջանառվում: Դա անհնար է:

— Փաստորեն, ռուսական կողմը նման մտավախություն չունի՞, որ գաղափարապես կորցնում է Հայաստանը:

— Միգուցե մի շարք մարդկանց ակնկալիքներն Ռուսաստանից այլ էին, բայց ռուսական քաղաքական, փորձագիտական դիսկուսիայի մեջ չկա նման միտք, որ Հայաստանը ինչ-որ խորթ պետություն է: Հայաստանն ամենուր ընկալվում է որպես դաշնակից: Հայաստանի ողբերգությունը մոտ է ռուս ժողովրդին, փորձագետներին, այդ թվում նաեւ մեր կենտրոնին, որն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ, եւ իմ այցը ցույց է տալիս, որ մենք անտարբեր չենք Հայաստանում տիրող իրավիճակի նկատմամբ:

Թեման եւ գործընթացն ինքնին շատ բարդ են: Երեւի կողմերից յուրաքանչյուրն ավելին է սպասում Ռուսաստանից: Ռուսաստանը կարող է եւ առաջարկել է կազմակերպել առավելագույն օգնություն եւ աջակցություն սահմանագծման եւ սահմանազատման հարցում:

Կարծում եմ՝ դա քիչ չէ: Չնայած՝ ընդունում եմ, որ բնակչության մի մասը կարող է Ռուսաստանից ավելի ակտիվ մասնակցության ակնկալիքներ ունենալ, բայց մենք, որպես փորձագետներ, հենց այդ նպատակով ենք այստեղ: Հայաստանի այցից հետո ես կշփվեմ ռուսական լրատվամիջոցների հետ, կներկայացնեմ հայ քաղաքական գործիչների եւ փորձագետների մտահոգությունները ռուսհայկական հարաբերություններում տիրող իրավիճակի վերաբերյալ:

— Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրումից անցել է երկու տարի, սակայն իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ: Փոխվե՞լ է արդյոք ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության սրումն ու աճը:

 

— Տարածաշրջանում լարվածություն կա, եւ դրա հետ պետք է աշխատել: Ես հետեւել եմ Իրանի դիրքորոշմանը, որն իր մտահոգությունները հասցրել է Ադրբեջանին հայ-իրանական սահմանի հետ կապված: Որքան հասկանում եմ, իրանցի քաղաքական գործիչների դիրքորոշումն Ադրբեջանում ըմբռնման է հանդիպել, որ հայ-իրանական սահմանը ամեն դեպքում պետք է լինի: Իրանը դա ցույց է տալիս քաղաքական քայլերով: Այն Սյունիքի մարզի Կապան քաղաքում հյուպատոսություն է բացել:

Այստեղ կարեւոր է նաեւ Եվրասիական տնտեսական միության գործունեության հարցը, որը ստորագրել է Իրանի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը: Իրանը սահմանամերձ պետություն է՝ 80 միլիոն բնակչությամբ, եւ եթե վերցնենք ընդհանուր տնտեսությունները, ապա սա երկրորդ տնտեսությունն է ԵԱՏՄ գործունեության շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից հետո:

Ռուսաստանը իր արտադրողների նկատմամբ որոշակի պատժամիջոցներից ու սահմանափակումներից հետո էլ ավելի է հետաքրքրված իրանական արտադրությամբ: Եվ Հայաստանն այս ապրանքային հոսքերի համար տարանցիկ երկիր դառնալու հնարավորություն ունի:

— Իսկ ի՞նչ կարելի է ասել Թուրքիայի դիրքորոշման մասին, որի ղեկավարությունը պարբերաբար բավականին ագրեսիվ հայտարարություններ է անում Հայաստանի դեմ:

— Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանին: Նա ակնհայտորեն կանգնած է Ադրբեջանի կողքին: Այս առումով ոչինչ չի փոխվել, բայց կարծում եմ, որ այն առանց մտածելու քաղաքական բնույթի ոչ մի սրընթաց քայլի չի գնա: Բանակցային գործընթացը շատ փխրուն է: Եվ այստեղ շատ քաղաքական գործիչների մտավախությունը՝ չափից դուրս մեկնաբանել արված ամեն հայտարարություն եւ քայլ, հասկանալի է, քանի որ այստեղ միահյուսված են շատ տնտեսական եւ քաղաքական շահեր:

Թուրքիայում հաջորդ տարի ընտրություններ են լինելու, որոնց Էրդողանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել, եւ նրա բոլոր քայլերը պետք է բեկվեն նաեւ ընտրական դաշտի ակտիվությամբ: Հետեւաբար` իր որոշ հայտարարություններ ինչ-որ առումով աշխատանք է իր ընտրազանգվածի հետ, քանի որ Թուրքիայի ներքաղաքական եւ տնտեսական իրավիճակը հեռու է իդեալական լինելուց:

— Շատ փորձագետներ պնդում են, որ իրավիճակը Հարավային Կովկասում մեծապես կախված է Ուկրաինայի իրադարձությունների զարգացումից: Ի՞նչ հեռանկարներ կան՝ իրավիճակի հետագա զարգացման հետ կապված: Որքանո՞վ է Ռուսաստանը հեռու Ուկրաինայում հատուկ գործողության ավարտից:

— Ես չեմ կարծում, որ դրանց միջեւ ուղղակի հարաբերակցություն կա, քանի որ այս հակամարտությունների բնույթը մի փոքր այլ է: Թե որքան կտեւի այս հակամարտությունը, դժվար է ասել: Այն որոշակի քաղաքական նպատակներ ունի: Ռուսաստանում չորս նոր սուբյեկտ է հայտնվել: Դրանք ներառված են Սահմանադրության մեջ: Սա Ռուսաստանի Դաշնության տարածքն է, որն այն իրավաբանորեն պարտավոր է պաշտպանել:

Հատուկ գործողությունը կտեւի այնքան ժամանակ, քանի դեռ այս չորս շրջանները լիովին ինտեգրված չեն ռուսական քաղաքական եւ տնտեսական տարածքի մեջ եւ լիովին ազատագրված չեն օրինագծերում նշված սահմաններում: Սա հատուկ գործողության հիմնական նպատակներից մեկն է:

Որոշ օտարերկրյա գործընկերներ կարծում են, որ Ռուսաստանի ուշադրությունն այսօր ավելի շատ կենտրոնացած է Ուկրաինայի վրա, եւ Ռուսաստանը ժամանակ չունի զբաղվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ իր քաղաքական եւ տնտեսական ողջ ռեսուրսներն ուղղված են Ուկրաինային: Դա այդքան էլ այդպես չէ: Արցախի եւ հարավկովկասյան հակամարտության թեման չի հեռանում օրակարգից եւ ուշադրությունից:

— Բոլորը խոսում են միաբեւեռ աշխարհից բազմաբեւեռի անցնելու մասին, որտեղ գլխավոր դերերից մեկը խաղում է Ռուսաստանը: Ինչպե՞ս է Ռուսաստանը տեսնում իր դերը նոր բազմաբեւեռ աշխարհում:

— Ռուսաստանը տարածքով ամենամեծ երկիրն է: Հասկանալի է, որ նա օբյեկտիվորեն պարտադրված է գլոբալ դեր խաղալ, նույնիսկ եթե ոչ այնքան էլ մեծ ցանկություն ունենար: Եվրասիական մայրցամաքում իր առանցքային դիրքի պատճառով այն դատապարտված է լինել միջազգային գործընթացների մասնակից: Ցավոք, ԱՄՆ-ի համար այս աշխարհն այլեւս չի կարող համակարգվել եւ զսպվել մեկ համաշխարհային ոստիկանի գործոնով: Այն իսկապես մի փոքր այլ է դառնում:

Ռուսաստանը տեսնում է իր դերը որպես այս բազմաբեւեռ աշխարհի խաղացողներից մեկը՝ պաշտպանելով իր ազ- գային շահերը, իր դաշնակիցներին: Իհարկե, ոչ թե այլ պետություններին իր կամքին ենթարկելու դերում, այլ` աշխարհի խոշորագույն տերությունների՝ Չինաստանի ու Հնդկաստանի հետ որոշակի գաղափարական, տնտեսական փոխգործակցություն գտնելու հարցում: Ակտիվ աշխատանք է տարվում այս տնտեսությունների միջեւ փոխադարձ տնտեսական համագործակցությունը ազգային արժույթի վերածելու ուղղությամբ: Եթե դա ամբողջությամբ արվի, մենք կտեսնենք Հնդկաստանի, Չինաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համագործակցության տեմպերի աճ»:

  • Կիսվել: