երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Նոր չափորոշչի ներդրման շրջանակում կարևորվում է օտար լեզուների դասավանդման որակի փոփոխությունը. Արաքսիա Սվաջյան

Նոր չափորոշչի ներդրման շրջանակում կարևորվում է օտար լեզուների դասավանդման որակի փոփոխությունը. Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ներկա է եղել աշակերտների կողմից շվեյցարացի գրող Էլիզ Հոֆների «Խաղաղությունից խենթացած» թատերական պիեսի բեմականացմանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը հետևել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարն ու կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գեղեցիկ ներկայացման և փոխանցած զգացողությունների համար: Արաքսիա Սվաջյանն ընդգծել է դպրոցականների՝ ֆրանսերենի վարժ իմացությունը:

«Տպավորություն էր՝ դուք զրուցում եք իրար հետ: Այնքան ազատ, անմիջական ու անկաշկանդ ներկայացրիք, որ ամեն ինչ գերազանց ստացվեց: Անկասկած, սա մեծ աշխատանքի արդյունք էր: Ներկայում մենք մի շարք քայլեր ենք իրականացնում՝ ուղղված կրթության որակի փոփոխությանը, իսկ այսպիսի յուրաքանչյուր միջոցառում մեզ վստահություն է տալիս, որ ճիշտ ճանապարհին ենք»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Անդրադառնալով կրթական բարեփոխումներին և ոլորտային առաջնահերթություններին՝ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման աշխատանքները: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ նոր չափորոշչի ներդրման շրջանակում կարևորվում է օտար լեզուների դասավանդման որակի փոփոխությունը. «Շատ կարևոր է, որ մեր դպրոցականներն ազատ ու անկաշկանդ տիրապետեն այն լեզվին, որն ուսումնասիրում են դպրոցում»:

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը: Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման և Ֆրանկոֆոնիայի օրերը լավագույնս անցկացնելու համար: Ռիշարն ընդգծել է՝ ՀՀ-ում 60 հազար ֆրանսերեն սովորող կա, ինչը բավական մեծ թիվ է:

«Սա հնարավոր չէր լինի՝ առանց ձեր մոտիվացիայի, հետաքրքրության և ԿԳՄՍ նախարարության հետ ակտիվ համագործակցության: Առաջընթացը նկատելի է, ինչը շատ ողջունելի է»,- նշել է նա:

  • Կիսվել: