Տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը
Արդարադատության նախարարի տեղակալ, խորհրդի նախագահ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են նաև Խորհրդի անդամ ոլորտային գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքում Աննա Կարապետյանը շեշտադրել է, որ Խորհրդի գործունեությունը պետք է լինի կառուցողական և առարկայական՝ կարևորելով միջգերատեսչական համագործակցությունը և երեխայի լավագույն շահի վրա հիմնված արդյունքների ապահովումը։ Աննա Կարապետյանն իր խոսքում անդրադարձել է նաև նախորդ նիստից հետո կատարված աշխատանքներին, աշխատանքային խմբի հանդիպումներին, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցությանը՝ ընդգծելով ակտիվ մասնակցությունը Երեխաների նկատմամբ բռնության վերացման գլոբալ դաշինքի` ս.թ. ապրիլին կայացած նիստին։
Բացման խոսքով հանդես է եկել նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանը՝ կարևորելով Խորհրդի հետևողական աշխատանքները և շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին՝ ոլորտային օրակարգի ձևավորման, ռազմավարական ուղղությունների նախանշման և ինստիտուցիոնալ ամրապնդմանն ուղղված աջակցության համար։
Նիստի ընթացքում քննարկվել են հարկադիր կատարման ապահովման փուլում երեխայի լավագույն շահի հիմնախնդիրները, ներառյալ երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների կատարման ընթացակարգերը, անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ քննչական գործողությունների ընթացքում հոգեբանների ներգրավման գործնական խնդիրներին և ընթացակարգերին, ինչպես նաև Բարնահուս մոդելի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Նիստի ընթացքում ներկայացվել է նաև Կենտրոնի կողմից նախաձեռնված անաչափահասների շրջանում առցանց հանցագործությունների կանխարգելման նպատակով իրազեկման ծրագիրը։ Նիստին ելույթ են ունեցել Երևանի թիվ 111 հիմնական դպրոցի աշակերտները՝ ներկայացնելով ծրագրի շրջանակում իրենց պատրաստած տեսանյութը և սահիկաշարը՝ սեռով պայմանավորված կարծրատիպերի ձևավորման և մեդիայի դերի վերաբերյալ։ Երեխաները նաև հարցեր են ուղղել խորհրդի անդամներին՝ սեռով պայմանավորված կարծրատիպերի, աշխատանքում հնարավոր մարտահրավերների և իրենց հուզող այլ թեմաների վերաբերյալ։
Աննա Կարապետյանը և Խորհրդի անդամները ողջունել են երեխաների ներգրավվածությունը և իրենց խնդիրները բարձրաձայնելու և քննարկումներին մասնակից դառնալու այլ հնարավորություններ քննարկել։
Ամփոփելով նիստը՝ Աննա Կարապետյանը նախանշել է հաջորդիվ կայանալիք նիստի ընթացքում քննարկվող թեմաների շրջանակը՝ կարևորելով այս նիստի ընթացքում բարձրացված հարցերի ու կոնկրետ խնդիրների հետևողական հասցեագրումը, ինչպես նաև յուրաքանչյուր գերատեսչության հանձնառության կատարումը: