չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռազմարդյունաբերական համալիրն ամբողջ հզորությամբ աշխատում է. նախարար

Ռազմարդյունաբերական համալիրն ամբողջ հզորությամբ աշխատում է. նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս տարի նախատեսում է 930 մլն դրամ հատկացնել դրամաշնորհային ծրագրերին: Այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը՝ կոչ անելով ընկերություններին մշակել մրցակցային նախագծեր։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ավանդական ինժեներական ոլորտի ընկերությունների համար հայտարարվելո՞ւ են դրամաշնորհներ, և ի՞նչ ներուժ ունի Հայաստանն այլ սարքավորումներ նախագծելու մասով, օրինակ՝ ռոբոտների, որոնք կփոխարինեն բուժքույրերին, Հակոբ Արշակյանն ասաց, որ հրաշալի գաղափար կարող է դառնալ մասնագետների համար և առաջիկայում որևէ ընկերության կողմից մշակվելով՝ ներկայացվել մրցույթին և հաղթել:

Նա նշեց, որ նախորդ դրամաշնորհների շրջանակներում ընդգրկվել էր ռոբոտաշինական ընկերություն, որի ստեղծած ռոբոտը կլինիկաներում սպասարկում է երեխաներին։

«Գիտեմ, որ հրաշալի արդյունքներ ունի ընկերությունը, և երեխաները միայն այդ ռոբոտի համար գնում են և առանց վախենալու իրենց բժիշկների հետ շփվում։ Մենք այստեղ բաժանում չենք դնում, և թե ծրագրավորմամբ զբաղվող ինժեներները, թե ճշգրիտ մեխանիկայով համակարգեր նախագծող ինժեներական ընկերությունները կարողանալու են դիմել և ստանալ դրամաշնորհ»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Հարցին, թե մինչ օրս քանի՞ անսարք շնչառական սարք է գույքագրվել նախարարության կողմից,  քանիսն են վերանորոգվել, և ինչո՞ւ էին մինչ օրս պետական գույք հանդիսացող սարքերը այդ վիճակում, նախարարն ասաց, որ այդ շնչառական սարքերը պետական սեփականություն չեն, դրանք տարբեր ժամանակներում դուրս գրված սարքավորումներ են։

Նա նշեց, որ վերանորոգել են շուրջ երկու տասնյակ թոքերի օդափոխման սարքեր։ Ըստ Հակոբ Արշակյանի, այն սարքերը, որոնք պետական կամ որևէ կլինիկայի սեփականություն են, վերոնորոգումից հետո վերադարձվել են, իսկ 10 սարքը տրամադրվել է տարբեր անհատների և ձեռնարկությունների կողմից։

Ինչ վերաբերում է դրանց արտադրությանը, ԲՏԱ նախարարն ասաց, որ նախարարությունն արդեն աշխատում է, որպեսզի հստակ մոդելավորեն, թե  ինչպես պետք է Հայաստանում նախագծվեն և արտադրվեն շնչառական սարքեր։

«Եթե անհրաժեշտ լինի արագ լուծումներ գտնել, ապա մենք դրանք կգտնենք։ Առաջիկա օրերին ամբողջական պատկերը կունենանք։ Կարծում եմ՝ այդ սարքերն արտադրելու համար ներուժ կա, այստեղ այլ է՝ կլինիկական փորձարկումների և սերտիֆիկացիայի հարցը, որը վերաբերում է  նախագծող ընկերություններին։ Ընդհանրապես, բժշկական սարքավորումների սերտիֆիկացումը բավականին երկար ժամանակ է պահանջում, բայց պետք է հաշվի առնենք, որ աշխարհում այդ սարքերի պահանջարկը տասնյակ անգամ գերազանցում են արտադրական հզորություններին, և սա լավ հնարավորություն է»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Խոսելով ռազմարդյունաբերությունից՝ նախարարը նշեց, որ Հայաստանում ռազմարդյունաբերութան համալիրը աշխատում է ողջ հզորությամբ:

 «Ռազմարդյունաբերական համալիրն իր ողջ թափով և հզորությամբ աշխատում է: Դա պարետի որոշմամբ բացառությունների մեջ մտնող տնտեսական ոլորտներից է, և գործարաններն իրենց պատվերների շրջանակում շարունակում են իրականացնել աշխատանքները: Հիմա մենք ակտիվ փուլ ենք մտել, նաև Պաշտպանության նախարարության հետ բազմաթիվ պայմանագրեր արդեն ստորագրվել են, և աշխատակիցները պետք է արտադրական գործընթացի մեջ ներգրավվեն»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: