ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը

Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ղեկավար Արթուր Սանոյանը հանդիպել են Ասիական զարգացման բանկի տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցի, ծրագրի վերլուծաբան Նինա Ավետիսյանի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների գլխավոր բանկիր Անդրեյ Մաքսիմովիչի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք հիմնադրամի Ֆեյսբուքի էջից:
 
Հանդիպմանը տեսազանգի միջոցով միացել էին նաև Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներ Ստեֆանի Գուհարդ-Բրենդը և Հարի Կուլաթումանին։
 
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի, ինչպես նաև ՎԶԵԲ-ի կողմից պատվիրված Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագրի համապատասխանության գնահատման մանրամասները։ Մասնավորապես, անդրադարձ է եղել գնումների գործընթացին և ծրագրի իրականացման ռազմավարությանը, կառուցվելիք ճանապարհի մանրամասն նախագծի տեխնիկական որոշ հարցերի և այլն։
 
Հիշեցնենք, որ Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված` ներառյալ 5.1 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ): Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել Սիսիան-Քաջարան առկա ճանապարհային հատվածի երկարությունը մոտ 58 կմ-ով, տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունն ավելացնել և սահմանել՝ 100 կմ/ժ, երթևեկության տևողությունը նվազեցնել մոտ 1,5-2 ժամով, բարձրացնել երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը:

  • Կիսվել: