ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին 34կմ հատվածը կսկսվի կառուցվել. պայմանագիրը կնքվել է

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին 34կմ հատվածը կսկսվի կառուցվել. պայմանագիրը կնքվել է

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34կմ հատվածի շինարարության պայմանագրի ստորագրման արարողությունը։ Պայմանագիրը ստորագրել են շինաշխատանքների պատվիրատի՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և կապալառու կազմակերպության՝ «Լևանտինա Ինխեներիա և Կոնստրուկսիոն և Օբրաս Պուբլիկաս և Ռեգադիոս» ՀՁ-ի ներկայացուցիչներ Ժոզե Մաուրիսիո Բարբետա Ասերետը և Դանիել Ֆերնանդեզ Մենենդեզը։

Միջոցառմանը ներկա էր ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա ողջունեց կողմերի միջև պայմանագրի ստորագրումը։ Նախարարը, նշելով, որ առջևում շինարարության ակտիվ փուլն է, շեշտեց, որ մեծ ուշադրություն է դարձվելու աշխատանքների կատարման ժամկետների և որակի վրա։

Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի խոսքով՝ ստորագրվող պայմանագիրը միայն մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհի մի օղակի կառուցման հիմքը դնող փաստաթուղթ չէ։ Որպես կանոն, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերն իրականացման փուլում և դրանից հետո տնտեսական ու սոցիալական մեծ ազդեցություն են թողնում տվյալ տարածաշրջանի զարգացման վրա։

Ներկաներին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի և իր անունից ողջունեց նաև ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցը։ Նա նշեց, որ 2009 թվականից ԱԶԲ-ն ֆինանսավորել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հիմնական հատվածները՝ կարևորելով նաև Աշտարակ-Թալին 34կմ-ի կառուցումը։ Թոմաս Հերցն ընդգծեց, որ Հյուսիս-հարավը Հայաստանի ճանապարհային համակարգի ողնաշարն է, և հաջողություններ մաղթեց այս հատվածի շինարարության հարցում։

Առաջիկա երկու ամսում կապալառուն կմոբիլիզացնի ռեսուրսները, կնախապատրաստի շինհրապարակն ու կտա շինարարության մեկնարկը։ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի շինարարությունը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կողմից։

  • Կիսվել: