ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով լուրջ առաջընթաց ունենք. վարչապետ

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով լուրջ առաջընթաց ունենք. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ առաջընթաց է տեսնում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման առումով։

Վարչապետն այս մասին խոսել է Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  

«2018 թվականի նկատմամբ 2024-ին մեր կապիտալ ծախսերն աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով: Մեր պլանների մեջ է մտնում նաև 2024-ին ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ նորոգված ճանապարհ: Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մենք  Հյուսիս-հարավի կառուցման մասով ունենք լուրջ առաջընթաց: Վերջերս ստորագրեցինք շինարարության պայմանագիրն Ագարակ-Քաջարան հատվածի շինարարության համար, որը կիրականացնի իրանական ընկերություն»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ որոշակի խնդիրներ են եղել Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված, մրցութային ընթացակարգերի և որոշ պարամետրերի վերաբերյալ որոշ տարընթերցումներ են եղել միջազգային գործընկերների հետ: Դրա պատճառով մրցութային ընթացակարգը տեղի չի ունենում պլանավորված ժամանակացույցով:

«Բայց մենք հիմա բանակցությունների մեջ ենք: Հույս ունենք, որ առաջիկայում շատ կոնկրետ հայտարարություն հնարավոր կլինի անել՝ կոնկրետ ընկերության կողմից այդ ամբողջ հատվածի շինարարությունը ստանձնելու վերաբերյալ»,-ասաց նա՝ հավելելով, որ պայմանավորվածությունը նախնական է:

  • Կիսվել: