ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի՝ Աշտարակ-Թալին հատվածի շինարարության պայմանագիրը

Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի՝ Աշտարակ-Թալին հատվածի շինարարության պայմանագիրը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երեկ մասնակցել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի շինարարության պայմանագրի ստորագրման արարողությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
 
«Պայմանագիրը ստորագրել են շինաշխատանքների պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և կապալառու կազմակերպության՝ «Լևանտինա Ինխեներիա և Կոնստրուկսիոն և Օբրաս Պուբլիկաս և Ռեգադիոս» ՀՁ-ի ներկայացուցիչներ Ժոզե Մաուրիսիո Բարբետա Ասերետը և Դանիել Ֆերնանդեզ Մենենդեզը։
 
Նախարարը ողջունել է կողմերի միջև պայմանագրի ստորագրումը՝ նշելով, որ առջևում շինարարության ակտիվ փուլն է սկսվելու։ Նախարարը շեշտել է, որ մեծ ուշադրություն է դարձվելու աշխատանքների կատարման ժամկետներին և որակին։
 
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի խոսքով՝ ստորագրվող պայմանագիրը միայն մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհի մի օղակի կառուցման հիմքը դնող փաստաթուղթ չէ։ Որպես կանոն՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերն իրականացման փուլում և դրանից հետո տնտեսական ու սոցիալական մեծ ազդեցություն են թողնում տվյալ տարածաշրջանի զարգացման վրա։
 
Ներկաներին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի և իր անունից ողջունել է նաև ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցը։
Նա նշեց, որ 2009 թվականից ԱԶԲ-ն ֆինանսավորել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հիմնական հատվածները՝ կարևորելով նաև Աշտարակ-Թալին 34 կմ-ի կառուցումը։
 
Պայմանագրի տևողությունը 18 ամիս է։
 
Պայմանագրի արժեքը՝ 75,985,108.20 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ)։
 
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի շինարարությունը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ: 
 
 
 

  • Կիսվել: