չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քաղաքապետարանը գնումների գործընթացում փոփոխություններ է նախատեսում

Քաղաքապետարանը գնումների գործընթացում փոփոխություններ է նախատեսում

Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 81 միլիարդ 729 միլիոն դրամ՝ ծրագրված 85 միլիարդ 801 միլիոն դրամի  նկատմամբ։ Այս մասին մարտի 15-ին գումարված Երևանի ավագանու նիստին, ներկայացնելով 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունն, ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ 2021 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված 84 միլիարդ 493 միլիոն դրամ եկամուտների դիմաց, փաստացի մուտքագրվել է 80 միլիարդ 667 միլիոն դրամ՝ ապահովելով 95,5 տոկոս կատարողական։ «Երևան քաղաքի 2021 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 30 միլիարդ 694 միլիոն, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 30 միլիարդ 611 միլիոն դրամ»,-ասաց նա։
 

Հովհաննիսյանը նշեց, որ Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 80 միլիարդ 353 միլիոն դրամի ծախսեր։ Երևանի 2021 թվականի բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնույթի ծախսերը։ Տրանսպորտի բնագավառի ծախսերը կազմել են 33,7 տոկոս»,-ասաց նա։

Քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծեց, որ  ճիշտ պլանավորման խնդիր կա կապված գնումների գործընթացի բարելավման հետ։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց, որ  գնումների համակարգում փոփոխություններ են նախատեսվում։

«Այս պահի դրությամբ նաև հանձնարարական կա, որպեսզի բոլոր վարչական շրջանների այն աշխատակիցները, ովքեր գնումների հայտեր են ներկայացնում քաղաքապետարան, իրենց հետ թրեյնինգներ անցկացվեն։ Գնումների պլանի հետ կապված խնդիրներ ևս կան»,-հավելեց նա։

 

  • Կիսվել: