չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ավստրալիա ուղարկվող փոստային առաքանիներից հայտնաբերվել է 3 կգ 680 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց. ՊԵԿ

Ավստրալիա ուղարկվող փոստային առաքանիներից հայտնաբերվել է 3 կգ 680 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս  Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները  համատեղ, «ՀայՓոստ»  ընկերության  փոխանակման կենտրոնում Ավստրալիա ուղարկվող միջազգային երկու առաքանիների նկատմամբ  իրականացրել են  մաքսային տեսազննում: Այնուհետև կատարվել է զննում և  Հայաստանի Հանրապետությունից` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից դեպի Ավստրալիա ուղարկվող  միջազգային փոստային առաքանիներից յուրաքանչյուրի միջից հայտնաբերվել է մեկական արծաթագույն լիսեռ:

Հիշյալ առաքանիների միջից հայտնաբերված  2  արծաթագույն լիսեռները հատուկ գործիքների միջոցով կտրելու և մասնատելու արդյունքում հայտնաբերվել է 3կգ 680 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, որի շուկայական գինը գերազանցում է 200 հազար ԱՄՆ դոլարը:

Փաստի առթիվ  ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: