երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությանը միտված փոփոխություններ

Փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությանը միտված փոփոխություններ

Գործադիրը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով ակնկալվում է ապահովել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը և դրա արդյունքում՝ Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով արձանագրել Հայաստանի դիրքի առաջընթաց, գրում է 1lurer.am-ը:

Օրինագիծը մշակվել է «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի մասով զեկույցում Հայաստանի դիրքի բարելավման շարունակականությունն ապահովելու նպատակով:

Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա գտնվել շահագրգռվածության առկայությամբ գործարքների վերաբերյալ ժողովի որոշումների քննարկմանը կամ քվեարկությանը: Օրինագծով սահմանվել է նաև, որ բաժնետերերի ժողովի գումարման մասին բաժնետերերին առնվազն 21 օր առաջ ծանուցելու՝ օրենքով սահմանված պահանջը տարածվում է բոլոր բաց բաժնետիրական ընկերությունների վրա՝ անկախ բաժնետերերի քանակից:

Նախագիծն ընդունվելու և ՀԲ գնահատող թիմի կողմից որպես բարեփոխում ճանաչվելու դեպքում Առաջին բաղադրիչի «տեղեկատվության բացահայտում» ենթացուցչի մասով Հայաստանը կունենա 9 միավոր ներկայիս 7-ի փոխարեն, երկրորդ բաղադրիչի «կորպորատիվ թափանցիկություն» ենթացուցչի մասով՝ 6 միավոր ներկայիս 5-ի փոխարեն։ Արդյունքում «Գործարարություն 2022» զեկույցում «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի ընդհանուր միավորները կդառնան հնարավոր 50-ից 40, իսկ «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի հեռավորությունը լավագույն արդյունքից ցուցանիշը կդառնա 80 «Գործարարություն 2021» զեկույցի ակնկալվող 74-ի փոխարեն։

  • Կիսվել: