Փոքր բիզնեսի համար զրո տոկոս հարկի օրինագիծը պարտադիր կդնենք շրջանառության մեջ. Ֆարմանյան
Փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկի օրինագիծը պարտադիր կդնենք շրջանառության մեջ: Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Հայկ Ֆարմանյանը՝ պատասխանելով իր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին՝ կապված օրենսդրական նախագծի ձեռնարկման հետ, որը հնարավորություն է տալու զրոյացնել փոքր բիզնեսի հարկերը:
Ֆարմանյանը, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է նախաձեռնությամբ հանդես գանք, մեր երկրում շրջանառության հարկի միջոցով դրույքաչափի ցածրացման կամ զրոյացման միջոցով ավելի շուտ լուծում ենք ոչ թե ֆիսկալ խնդիր, այլ առաջին հերթին սոցիալական խնդիր: Սա մասնագիտական քննարկման խնդիր է, բայց այո, կան հնարավորություններ և այդ օրինագիծը կարծում եմ մենք պարտադիր կդնենք շրջանառության մեջ»:
Իր հերթին Կարապետյանը հավելել է՝ Հայաստանում փոքր բիզնեսը, որը մեր բիզնեսի ամենամեծ հատվածն է, վճարում է շատ փոքր մասնաբաժնով հարկ՝ ընդամենը հարկերի 2,7%-ը:
«2 տարի առաջ հարկը կրկնապատկվել է 5-10%, որի արդյունքում շատ ընկերություններ փակվել են։ Փոքր բիզնեսի հարկերը զրոյացնելով մենք կստեղծենք տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր և հնարավորություն կտանք փոքր բիզնեսին դառնալ միջին»,- ասել է նա:



