ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետությունը 70 դրամով կփոխհատուցի աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերումը

Պետությունը 70 դրամով կփոխհատուցի աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերումը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:

Նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն մարզերում, որտեղ կա աշնանացան ցորենի մշակություն, արտադրողականությունը բավական ցածր է:

«Յոթ մարզերում գտնվում են մեր աշնանացան ցորենի 95 տոկոսից ավելին: Դրանով հանդերձ մեկ հեկտարի արտադրողականությունը 2 տոննայից ցածր է: Ուսումնասիրությունները փաստում են, որ ցածր արտադրողականության հիմնական պատճառը սերմացուի ոչ բավարար որակն է: Այսինքն՝ գյուղացիները սերմացու են պահում և հաջորդ տարվա ցանքսը կատարում են այդ սերմացուով, ինչը ցածր արտադրողականության պատճառ է դառնում։ Մենք եկանք այն եզրակացության, որ խնդիրը որակյալ սերմացուի առկայությունն է շուկայում և դրա հասանելիությունը տնտեսվարողների համար»,- ասաց նախարարը։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կան ընկերություններ, որոնք պատրաստ են որակյալ սերմացու ներկրել, եթե վստահ լինեն, որ գյուղացիների շրջանում դրա նկատմամբ պահանաջարկ կա: Մտավախությունն այն է, որ որակյալ սերմացուն անհամեմատ բարձր գին ունի:

«Մենք որոշեցինք, որ սուբսիադավորենք շուկայում առաջարկվող որակյալ սերմացուն: Սուբսիդավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, սահմանել են նաև առավելագույն սահմանաչափ՝ մինչև 20 հեկտար. «Այսինքն՝ եթե մեկը որոշի 20 հեկտարի համար սերմացու գնել, ապա կառավարության աջակցությունը կկազմի 490 հազար դրամ»։

Այսպիսով, նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30%-ով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կարևոր է արձանագրել, որ կառավարությունը ցորենի սերմացու չի տալիս գյուղացուն, այլ սուբսիդավորում է սերմացուի ձեռք բերումը, իսկ թե ումից ձեռք բերի սերմացուն, դա գյուղացին է որոշում:

Վարչապետը նաև հայտնեց, որ այս ծրագիրը մշտական չի լինելու, այս ծրագիրն ունի բովանդակային կարևոր մի առանձնահատկություն։

«Այսօր մեր գյուղացիները շատ հաճախ ցանում են նախորդ տարի իրենց դաշտից ստացած ցորենը: Դա իր հերթին բերում է բերքատվության նվազման: Դա բացատրվում է նրանով, որ չկան բավարար միջոցներ որակյալ սերմացու գնելու համար: Մենք այս պրոցեսով ուզում ենք ցույց տալ, որ որակյալ սերմացուի դեպքում գյուղատնտեսությունը կարող է լինել շահութաբեր գործունեություն։

Երկրորդը, մենք ուզում ենք գյուղացիական տնտեսություններին բերել ֆինանսական մի ցիկլի, որ արդեն ամեն տարի ստացած իրենց հավելյալ եկամուտներից հաշվարկեն հաջորդ տարվա սերմացուի ձեռքբերումը իրենց հաշվին: Այսինքն՝ մենք 1 տարի, հնարավոր է՝ երկու տարի, այս ծրագիրն իրականացնենք, որ գյուղացիական տնտեսություններում առաջանա բյուջե, որը կօգտագործվի սերմացու ձեռք բերելու համար:Այսինքն՝ մենք այդ կուլտուրան ներդնենք, որ ցանքը պետք է անել միայն բարձրորակ սերմացուով։ Այս ծրագիրն աննպատակ կլինի, եթե անընդհատ շարունակվի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: