շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պետք է աջակցել արտահանմանը միտված բիզնեսներին. ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ

Պետք է աջակցել արտահանմանը միտված բիզնեսներին. ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Բաբկեն Թունյանի նախագահությամբ հանդիպել են հանձնաժողովին կից գործող ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ:

Թունյանն ասել է, որ կառույցն առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները ներկայացնելու յուրօրինակ հարթակ կդառնա:

Նրա խոսքով՝ գործելու է նաև տնտեսական հարցերի արագ արձագանքման աշխատանքային խումբ, որի նպատակն է գործարարների առջև ծառացած խնդիրների հրատապ լուծումը:

ՓՄՁ ասոցիացիայի անդամները կարևորել են համագործակցության անհրաժեշտությունը՝ առաջարկելով առկա խնդիրների ամբողջական գույքագրում:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին այդ հանդիպման կազմակերպման համար, նշել, որ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ՝ ամսական կտրվածքով: 

Լրագրողների հետ զրույցում Օսիպյանն ընդգծել է, որ ներկա իրավիճակում տնտեսական զարգացումը բոլորիս համար պետք է թիվ մեկ առաջնահերթությունը դառնա:

Ըստ նրա՝ կանխատեսումներ կան, որ ընդհանուր տնտեսական իրավիճակը վատթարանալու է, ու աշխատանքային ռեսուրսների, աշխատակիցների խնդիր կա, նաև մոտիվացիայի խնդիր են տեսնում, բայց պետք է սթափ նայել իրավիճակին:

՛՛Պետք է աջակցել արդյունավետ, գրագետ, շահութաբեր բիզնեսներին, արտահանմանը միտված բիզնեսներին, որ նրանք շուկայում իրավիճակը փոխեն և դառնան մոդել՝ մյուս բիզնեսների համար՛՛,-նշել է Օսիպյանը:
 

  • Կիսվել: