չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Փաստ». Կորոնավիրուսի տարածումը և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության խնդիրը շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար

«Փաստ». Կորոնավիրուսի տարածումը և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության խնդիրը շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար

«Փաստ»․ «Աշխարհով մեկ կորոնավիրուսի տարածման և հիվանդների թվի ավելացման հետևանքով պետությունների կառավարությունները խիստ միջոցառումներ են ձեռնարկում, որոնք նախատեսում են սահմանների խիստ վերահսկողություն և դեպի վարակի տարածման երկրներ այցելությունների և շփումների սահմանափակում։

Վարակի տարածումը այս պահի դրությամբ մեծ վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը։ Հիմնական հարվածն իր վրա է վերցրել չինական տնտեսությունը, որը վերջին տարիներին շարունակում էր տպավորիչ արդյունքներ գրանցել։ Ու այս իրավիճակում արդեն իսկ մասնագետները մտավախություն ունեն, որ օտարերկրյա ներդրողները Չինաստանից կարող են դուրս գալ և տեղափոխվել այլ երկրներ։

Այսինքն՝ որոշ երկրներ կարող են օգտվել ստեղծված իրավիճակից։ Նույնիսկ խոսվում է այն մասին, որ բազմաթիվ ձեռնարկություններ կարող են տեղափոխվել Մեքսիկա՝ այդ երկրի տնտեսական զարգացմանը լրացուցիչ խթան հաղորդելու համար։

Այնպես որ, կորոնավիրուսի տարածումը համաշխարհային տնտեսական լանդշավտում փոփոխություններ բերելու հետ մեկտեղ՝ նաև աշխարհաքաղաքական տեղաշարժեր է խոստանում, և որոշ երկրներ կարող են տուժել դրանից, իսկ առանձին պետություններ՝ շահել։

Կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը նուրբ մոտեցում է պահանջում նաև Հայաստանի դեպքում, քանի որ մեր երկիրը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրադրությունում, Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ թշնամական քաղաքականություն են վարում Հայաստանի նկատմամբ և փորձում մեկուսացնել արտաքին աշխարհից։

Այսպիսի իրավիճակում Հայաստանին մնում է իր կապն արտաքին աշխարհի հետ ապահովել Իրանի և հատկապես Վրաստանի միջոցով։ Սակայն Իրանում կորոնավիրուսը մեծ տարածում է գտել, որի արդյունքում մահացության շուրջ 7 տասնյակ դեպք է գրանցվել։ Վարակը տարածվել է նաև հարևան Վրաստանում, որով անցնում է դաշնակից Ռուսաստանի հետ կապող ճանապարհը։

Իրանում վարակի տարածման հետ կապված օրեր առաջ Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին, իսկ ավելի ուշ արդեն Հայաստանի կառավարությունը որոշել է խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ:

Ճիշտ է՝ որոշ վերլուծաբաններ փորձեցին Իրանի հետ հաղորդակցության հետ կապված այս կարգի քայլերը մեկնաբանել որպես Արևմուտքի ճնշման արդյունք, սակայն պետք է հաշվի առնել, որ Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումը և բեռնափոխադրումների դադարեցումը կարող են խնդիրներ հարուցել Հայաստանի համար, քանի որ Իրանը արտաքին աշխարհի հետ հաղորդակցության և առևտրաշրջանառության առումով Հայաստանի համար յուրահատուկ նշանակություն ունի։

Մյուս կարևոր թեման ստեղծված իրավիճակում Վրաստանի հետ հաղորդակցության և առևտրաշրջանառության ապահովումն է։ Եթե հանկարծ փակվի Վրաստանի հետ սահմանը, ապա կարելի է ասել, որ փակվելու է Հայաստանի շնչառությունը։ Չհաշված, որ այս օրերին շարունակում է փակ մնալ Լարսի անցակետը, որտեղով անցնում է Հայաստանը Ռուսաստանին կապող հիմնական ցամաքային ուղին։

Ուստի այս ֆոնին կարևորվում է վարչապետ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցը, սակայն լուրջ խնդիր է, թե ինչ արդյունքներ կարող է այն ունենալ։ Պետք է նկատի ունենալ, որ կորոնավիրուսի հետագա տարածումը առաջիկայում կարող է լուրջ կորուստներ պատճառել համաշխարհային տնտեսությանը, և, ըստ այդմ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ակտիվացնելու անհրաժեշտություն լինի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: