հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի Մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագիրը

Պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի Մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագիրը

Հայաստանի Մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագիրը (PReP – Pediatric Residency Program of Armenia) պաշտոնապես մեկնարկեց։

Ընտրված 8 ռեզիդենտները առաջիկա երեք տարիների ընթացքում կվերապատրաստվեն միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակված ծրագրով, որն ընդգրկում է մանկաբուժության բոլոր ճյուղերը՝ նեոնատոլոգիայից մինչև դեռահասների առողջություն:

PReP-ը ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի և հետբուհական բժշկական կրթությամբ զբաղվող երկու ուսումնական հաստատությունների՝ Երևանի Պետական Բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի միասնական նախաձեռնությունն է։ Ծրագրի ռազմավարական գործընկերն է Լոս-Անջելեսի Մանկական հիվանդանոցը (CHLA – Children’s Hospital Los Angeles), որի փորձառու մասնագետները ղեկավարում են PReP-ի ուսումնական պլանի և կրթական բովանդակության մշակումը, ինչպես նաև տեղական դասախոսական կազմի զարգացման ծրագիրը:

Ծրագրի մեկնարկին նվիրված պաշտոնական միջացառման ընթացքում ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը նշեց, որ PReP-ը տարբեր ինստիտուտների և կազմակերպությունների՝ հանուն մեկ նպատակի համախմբվելու յուրահատուկ օրինակ է։

«Ես շատ ուրախ եմ, որ մենք մեր գործընկերների հետ կարողացանք Հայաստան բերել կլինիկական ռեզիդենտուրայի նոր մոդել, որը մեր երկրում երբևէ չէր կիրառվել»,- շեշտեց Արման Ոսկերչյանը։

Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը կարևորեց նոր պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը:

«Շատ ոլորտներում մարդկային գործոնը հետզհետե նվազում է, սակայն առողջապահության ոլորտում ամենամեծ ռեսուրսը մարդիկ են, և եթե նրանք չունենան անհրաժեշտ գիտելիքներ, շատ բարդ կլինի ապահովել երեխաների առողջությունը»,- նշեց փոխնախարարը։

Լոս-Անջելեսի Մանկական հիվանդանոցի ներկայացուցիչ, մանկաբույժ Էյալ Բեն-Այզեքն իր հերթին ռեզիդենտներին կոչ արեց առավելագույնը վերցնել մեկնարկող ծրագրից, քանի որ նրանց համար ստեղծվել են լավագույն պայմանները, և գործին ձեռնամուխ են եղել լավագույն մասնագետները։

Հայաստանի Մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագրի տնօրեն Լորքի Լիբարիդյանը նշեց, որ Հայաստանի երեխաները բարձրագույն արժեք են և պետք է հնարավորություն ունենան ստանալու լավագույն բուժսպասարկումը Հայաստանում, ու հենց այդ գաղափարն է դրվել ծրագրի հիմքում։

«Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, առանձնացրել լավագույն մոտեցումները ու խտացրել դրանք մեր ծրագրում»,- ասաց ծրագրի տնօրենը։

ՀԵՆԱՐ հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում առողջապահական էկոհամակարգի վերափոխմանը նպաստելու նպատակով։ Կառուցելով և հզորացնելով գործընկերների ցանց, ՀԵՆԱՐ-ի նպատակն է արդյունավետ և կայուն կերպով ստեղծել ավելի բարձր արժեք, ավելի լավ խնամք և, ի վերջո, ավելի լավ առողջություն ներկա և ապագա հայ սերունդների համար:

ՀԵՆԱՐ-ի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և Արման Ոսկերչյանը։

  • Կիսվել: