հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փաշինյանը բավարարված է ՊԵԿ-ի 1.5 տարվա աշխատանքով

Փաշինյանը բավարարված է ՊԵԿ-ի 1.5 տարվա աշխատանքով

Նիկոլ Փաշինյանը բավարարված է վերջին 1.5 տարվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքով: Այս մասին վարչապետը հայտարարեց ՊԵԿ-ի՝ Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովի ժամանակ իր ելույթում: Նա շեշտեց, որ ՊԵԿ-ը իր առաջ դրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, թեև միկրոմակարդակում դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ևս պետք է լուծվեն:

Վարչապետը նշեց. «Մեր կառավարությունը ձևավորման առաջին իսկ օրերից խնդիր է դրել, որ մենք պետք է մեր գործունեության հիմքում դնենք ռազմավարություններ, որը արդյունքում պետք է լինի մեկ ռազմավարություն՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ: Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ ՊԵԿ-ը այս հարցում բավական կառուցողական դեր է ունեցել և անընդհատ կառավարությունում քաջալերել է այս գործունեությունը: Ընդհանուր առմամբ բավարարված եմ վերջին 1.5 տարվա ընթացքում ՊԵԿ-ի աշխատանքով և ուզում եմ հստակ արձանագրել, որ ՊԵԿ-ը իմ առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, միկրոմակարդակում դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն»:

Փաշինյանի խոսքով` ռազմավարություն ասելով, նախևառաջ, պետք է հասկանալ վարչարարության, ընթացակարգերի, կառուցակարգերի, ծառայությունների մատուցման բարելավման խնդիր. «ՊԵԿ-ի և այս ոլորտում մեր ռազմավարական մեծագույն խնդիրն է փոխել քաղաքացու վերաբերմունքը իր վճարած հարկերի նկատմամբ, իր հարկային պարտավորությունների նկատմամբ: Սրա համար ՊԵԿ-ի աշխատողները պիտի փոխեն իրենց վերաբերմունքը իրենց աշխատանքի նկատմամբ և պիտի փոխեն այն վերաբերմունքը, որ առկա է այն բոլոր քաղաքացիների հետ շփումներում, որ նրանք ունեն: Սա երկկողմանի փոխադարձ պրոցես է, և այս պրոցեսը պետք է տեղի ունենա կառավարության հովանու ներքո»:

Ըստ վարչապետի` ՀՀ բոլոր քաղաքացիները հստակ պետք է արձանագրեն, որ այն գումարը, որ նրանք ՊԵԿ-ի միջոցով վճարում են պետությանը, այդ գումարները նրանք վճարում են իրենք իրենց. «Համաձայնեք` տարօրինակ կլիներ, որ ամեն քաղաքացի ինքը իր համար ճանապարհ կառուցեր, ինքը իր համար դպրոց ստեղծեր, ինքը իր համար զանազան պետական ինստիտուտներ ստեղծեր: Դա հնարավոր չէ: Եվ այն գումարները, որ քաղաքացիները վճարում են, դա ընդամենը ներդրում է իրենց իսկ կյանքում, իրենց իսկ ապագայում, իրենց երեխաների ապագայում: Եվ որպեսզի այս ընկալում զարգանա և հասնի գագաթնակետին, շատ կարևոր է, որպեսզի ՊԵԿ-ի հարկային և մաքսային ոլորտներում լինի աշխատանքի որակական փոփոխություն, և շատ կարևոր է, որ կառավարության աշխատանքում լինի որակական փոփոխություն:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարը մաքսային և հարկային ոլորտներում. «Գիտակցում ենք, որ բացի քաղաքական կամքը, այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է նաև որոշ այլ ոլորտներում լուծումների գնալ, օրինակ`պետք է շարունակական աշխատավարձի բարձրացումներ լինեն»:

Ինչ վերաբերում է ստվերի դեմ պայքարին, Փաշինյանն ընդգծեց. «Որևէ պարագայում մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը, մենք 1.5 տարվա ընթացքում ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություն ունենք, բայց մենք այս հաջողություններն առավելագույնը չենք համարում: Մենք հետևողականորեն պետք է շարժվենք այդ ճանապարհով՝ շարունակաբար ավելացնելով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը»:

  • Կիսվել: