ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Որքա՞ն գումար են օգտագործել և խնայել գերատեսչությունները

Որքա՞ն գումար են օգտագործել և խնայել գերատեսչությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019 թ. պետական բյուջեից հատկացված միջոցներից 9,2 մլրդ դրամի խնայողություն է կատարել: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ նախարարի, էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 25,4 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 21,7 մլրդ դրամ։ «Փաստացի 12,5 մլրդ դրամի օգտագործում է եղել»,- ընդգծեց նա։

55 մլրդ դրամի խնայողություն էլ, ինչպես նշեց Ատոմ Ջանջուղազյանը, կատարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ֆինանսների նախարարի խոսքով, ՏԿԵ նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով կազմել է շուրջ 195,5 մլրդ դրամ, այն տարվա ընթացքում ճշտվել է` կազմելով 227 մլրդ դրամ: Այսպիսով, փաստացի 172 մլրդ դրամի օգտագործում է եղել։

Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ խնայողություններ է իրականացրել նաև Պետական եկամուտների կոմիտեն։ Մասնավորապես, ըստ նրա, 2019 թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից ՊԵԿ-ը 1,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել:

ՊԵԿ-ի բյուջեն 2019 թ. համար կազմել է շուրջ 30,2 մլրդ դրամ, փաստացի օգտագործել է 28,8 մլրդ դրամ։

Ֆինանսների նախարարը նշեց, որ ՊԵԿ-ը հատկացված միջոցներով 19 միջոցառում է իրականացվել՝ 3 բյուջետային ծրագրի շրջանակում:

Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էլ բյուջեով հատկացված միջոցներից 300 մլն դրամի խնայողություն է կատարել:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 2,7 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 5,6 մլրդ դրամ: Փաստացի 5,3 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 94%-ը»,- ասաց նախարարը:

Ատոմ Ջանջուղազյանը նաև նշեց, որ 2019-ին հարկային եկամուտների շնորհիվ հնարավոր է եղել 206 միլիարդ դրամով կամ 16.4 տոկոսով ավելի շատ միջոցներ ներգրավել պետական բյուջե, քան 2018-ին։

Նա նշեց, որ հարկային եկամուտների մասով զգալի մասնաբաժինը կազմել է ԱԱՀ-ն՝ 506,5 մլրդ դրամ: «Հաջորդն իր նշանակությամբ և չափով եկամտահարկն է, որից հասույթը մոտ 441 միլիարդ դրամ է կազմել, այնուհետեւ արդեն շահութահարկը՝ շուրջ 234 միլիարդ դրամ»,- ասաց ֆինանսների նախարարը։

  • Կիսվել: