երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Որևէ դեպքում կես կգ-ից թեթեւ մանրաձուկ չգնել. նախարարի կոչը

Որևէ դեպքում կես կգ-ից թեթեւ մանրաձուկ չգնել. նախարարի կոչը

Ես կոչ եմ անում մեր բոլոր իրավագիտակից քաղաքացիներին՝ շուկաներից, փողոցներից, առևտրի սրահներից որևէ դեպքում կես կգ-ից թեթեւ մանրաձուկ չգնել, տվյալ պարագայում ահազանգել ոստիկանություն, ինչպես նաև մեր գերատեսչության թեժ գիծ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարին:

Նա նշեց, որ արդյունագործության ձկնորսության տնտեսական ցիկլի մեջ ներգրավված բոլոր քաղաքացիների սոցիալական անվտանգությունն ու ապահովությունն իրենց համար առաջնային է: 

՛՛Այդ միտումով էլ մենք այս փուլի համար մինչև հոկտեմբեր սահմանաչափ ենք սահմանել մինչև 200 տոննա թույլատրելի քանակը, և  հանրային լայն արշավի, բանակցությունների արդյունքում անձնավորված ինֆորմացիոն խողովակներով համագործակցության այդ կոչի արդյունքում արդեն Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրեր են կնքել շուրջ 110 տնտեսվարողներ՝ 110 ֆիզիկական և իրավաբանական անձինք և ընդհանուր սահմանաչափը հասել է շուրջ 150 տոննայի՛՛,-նշեց նա::

Այնուհետեւ նախարարը պարզաբանեց. ՛՛Այսինքն՝ կառավարության որոշմամբ սահմանված 200 տոննա պաշարը, որը թույլատրելիի մեջ է 0.5 կգ և ավելի ձկնապաշարներ որսալու համար, նույնիսկ չի լրացել, այսինքն՝ ևս 50 տոննայի լիմիտ ունենք և եթե կլինեն շրջանակներ, որոնք պատրաստակամություն կհայտնեն միանալու օրինական արդյունագործական ձկնորսության տնտեսական այդ ցիկլին, մենք կարող ենք քննարկել և կառավարություն ես անձամբ կմիջնորդեմ նոր որոշմամբ հավելյալ քվոտա իջեցնելու համար՛՛:

Պետրոսյանը, դիմելով իրավագիտակից քաղաքացիներին, հանդես եկավ կոչով՝ ասելով. ՛՛Ես կոչ եմ անում մեր բոլոր իրավագիտակից քաղաքացիներին՝ շուկաներից, փողոցներից, առևտրի սրահներից որևէ դեպքում կես կգ-ից թեթեւ մանրաձուկ չգնել, տվյալ պարագայում ահազանգել ոստիկանություն, ինչպես նաև մեր գերատեսչության թեժ գիծ: 1-2 օրվա ընթացքում շեշտակիորեն նվազեցնելով մանրաձկան պահանջարկը, վստահ եմ՝ որոշ վերապահումով ասած, անբարեխիղճ ձկնորսները զերծ կմնան մանրաձուկ որսալուց, այդպիսով կչեզոքացվի նաև մանրաձկան որսից ածանցվող սիգի պոպուլիացիային սպառնացող անհետացման այդ վտանգը՛՛:

Նախարարի խոսքով, սակայն, բոլոր այն ձկնորսները, որոնք թեև ստորագրել են պայմանագրեր 0.5 կգ թեթեւ մանրաձուկ չորսալու մասին, այնուամենայնիվ, կախված իրենց ուռկանների փոքր խտությունից, մանրաձուկ կորսան, և այն կհայտնվի իրենց ցանցում։ Նա վստահեցրեց. ՛՛Ընդերքի և բնապահպանության տեսչության մեր գործընկերներն արձանագրելու են այդ դեպքերը, բայց սա չպետք է դիտվի մեր հայրենակիցների սոցիալական խնդրին ուղղված մարտահրավեր՛՛:

 

  • Կիսվել: