կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բանկերը տեսնելու են, եթե տվյալ մարդը խաղամոլ է, վարկ չեն տալու. Օրենսդրական նախաձեռնությամբ կսեղմվի խաղամոլության դեմ պայքարի օղակը

Բանկերը տեսնելու են, եթե տվյալ մարդը խաղամոլ է, վարկ չեն տալու. Օրենսդրական նախաձեռնությամբ կսեղմվի խաղամոլության դեմ պայքարի օղակը

Առաջարկվում է կարգավորել խաղային հաշիվներին գումարների մուտքագրման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում է, որ ինտերնետ շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով:

Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, եւ հաշիվներից գումարը ելքագրվում է միայն անկանխիկ եղանակով: Տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով:

Գեւորգ Պապոյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 16-ի նիստում:

Ըստ հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի՝ առաջին ընթերցումից հետո հարցը քննարկվել է Կառավարության, ԿԲ-ի, շահումով խաղերի կազմակերպիչների հետ: Ըստ այդմ՝ ներկայացվել են նոր առաջարկություններ, որոնք ներառվել են օրենսդրական փաթեթում:

Արդյունքում ներկայացվել է լրամշակված օրենսդրական փաթեթ:

Ըստ Գեւորգ Պապոյանի՝ առաջարկվում է առաջին հոդվածի Դ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչը հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքը ստուգում է լիազոր մարմնի եւ ՀՀ ԿԲ-ի կողմից համատեղ սահմանված կարգով՝ ստուգումն իրականացնելով բացառապես խաղացողի համաձայնությամբ»: Նշվել է, որ ստուգման կարգը լիազոր մարմինը եւ ԿԲ-ն պետք է համատեղ մշակեն:

Երկրորդ փոփոխությունը, ըստ հիմնական զեկուցողի, գրեթե նույնությամբ ներառվել է նաեւ վիճակախաղի մասնակցի վերաբերյալ դրույթում. «Վիճակախաղի կազմակերպիչը հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղային հատուկ հաշվի իրավատեր մասնակցին՝ խաղացողին պատկանելու հանգամանքը ստուգվում է լիազոր մարմնի եւ ԿԲ-ի կողմից համատեղ սահմանված կարգով՝ ստուգումն իրականացնելով բացառապես խաղացողի համաձայնությամբ»:

 

Երրորդ փոփոխությունն այն է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի ապրիլի 1-ից, ինչը հնարավորություն կտա բիզնեսին այդ ընթացքում վերազինվել եւ իրականացնել կազմակերպչական աշխատանքներ:

Հանձնաժողովականները ողջունել են օրենսդրական նախաձեռնության ընդունումը, միաժամանակ մտահոգություն են հայտնել խաղացողների թվի ավելացման կապակցությամբ:

Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ խաղադրույքներ կատարողների տեմպը կտրուկ ընկել է: Ըստ նրա՝ եթե նախկինում երկրաչափական պրոգրեսիայով էր աճը, հետո դարձել է թվաբանական պրոգրեսիայով, ապա այժմ` սիմվոլիկ տոկոսներով է աճ գրանցվում:

Նրա հավաստմամբ մոտենում ենք զրոյական աճի փուլին: «Կարծում եմ՝ նախկինում ընդունված օրենքների նախագծերն աշխատել են»,- ասել է պատգամավորը:

«Մենք առաջարկում ենք այն փոփոխությունը, որ քաղաքացիները կարող են իրենց խաղային հաշիվը լիցքավորել բացառապես միայն իրենց պատկանող բանկային, քարտային հաշիվներից: Սա հիմնարար փոփոխություն է»,- ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Նշվել է, որ նպատակը ոչ թե այն է, որ մարդիկ անպայման, անկանխիկ խաղան, այլ՝ իմանան, թե ով է խաղում, դրանով հստակեցնենք նաեւ պետության քաղաքականությունն այս կամ այն ոլորտում:

«Բանկերն այս տվյալների հիման վրա նայելու են, տեսնելու, որ եթե տվյալ մարդը խաղամոլ է, վարկ չեն տալու: Օրինակն ինձ վրա վերցնեմ: Եթե ես խաղամ, հետո փորձեմ վարկ վերցնել, ամենայն հավանականությամբ կզրկվեմ այդ հնարավորությունից: Եթե պարզվի, որ ես ստանում եմ 400 հազար դրամ, բայց 4 միլիոնի խաղում եմ, սա արդեն հարց է»,- նշել է Գեւորգ Պապոյանը:

Ըստ նրա՝ մեկ օրում, մեկ օրենքով առկա խնդիրները չեն լուծվում, որոշակի երկար ժամանակահատվածում միայն կարող են համակողմանի լուծումներ գտնվեն:

Նշվել է, նաեւ որ օտարերկրյա օնլայն խաղատները եւ բուքմեյքերական գրասենյակները, որոնք տոկոսադրույքներ են ընդունում Հայաստանից, պետք է լիցենզավորվեն այն պայմաններով, ինչ եւ տեղի ընկերությունները:

 

Հարակից զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է. «Վիճակագրության տեսանկյունից միտումը դանդաղում է: Հիշեցնեմ, թե ոլորտն ինչ աստիճանի մեծ աճ էր ունենում: Օրինակ՝ 2016 թվականին ՀՆԱ-ն ընդամենը 0.2 տոկոսով աճել էր, իրականում, եթե շահումով խաղերի ոլորտի աճը չլիներ, մենք ռեցեսիայի մեջ էինք փաստացի լինելու: Այսինքն՝ ոլորտի աճը մյուս ոլորտների նկատմամբ տարիներով շատ բարձր է եղել: Այս ամիսներին ընդհանուր ծառայությունների ոլորտն աճել է 14 տոկոսով, իսկ շահումով խաղերի ոլորտը՝ 7 տոկոսով: Չնայած նրան, որ աճը կա, սակայն այլեւս այն աճը չէ, որ ծառայությունները քարշակող ոլորտը լինի»,- ասել է փոխնախարարը: Օրինակ՝ կացության ծառայություններն աճել են 30 տոկոսով, տեղեկատվական ծառայությունները՝ 51 տոկոսով, տրանսպորտը՝ 30 տոկոսով եւ այլն:

Ավագ Ավանեսյանը հավելել է. «Կարելի է առնվազն փաստել, որ այլ ծառայությունների համեմատ շահումով խաղերի ոլորտն այլեւս ամենաարագ աճող ոլորտներից մեկը չէ: Սակայն ոլորտն աճի մակարդակով ամենավերջինը չէ: Ֆինանսական եւ ապահովագրական գործունեության ոլորտն ավելի դանդաղ է աճել, քան շահումով խաղերի ոլորտը»:

Ըստ նրա՝ տնտեսական արագընթաց աճի ժամանակ մի քիչ տարօրինակ կլիներ, որ սա, որը զվարճության ոլորտի մաս է հանդիսանում, աճ չունենար: Ավելին՝ համաշխարհային թրենդը շարունակում է միջինում 10 տոկոս աճել, հիմա աճը 10-15 տոկոս է:

 

Փոխնախարարի հավաստմամբ Ֆինանսների նախարարության քաղաքականությունն է փորձել ոլորտը պահել թափանցիկ, օրենսդրական կանոնների շրջանակներում, նվազեցնել դրա սոցիալական վնասները, այլ ոչ թե ընդհանրապես արգելել: Նշվել է, որ այլ ծառայությունների համեմատ շահումով խաղերի ոլորտն այլեւս ամենաարագ աճող ոլորտներից մեկը չէ:

Բանավոր առաջարկություն է ներկայացրել ՀՀ ԿԲ-ի իրավաբանական վարչության պետ Արմեն Ալոյանը, ինչը կդառնա քննարկման առարկա:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել լրամշակված օրենսդրական նախաձեռնությանը:

  • Կիսվել: