ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Օնլայն կազինոներից օգտվելը բարդանում է. Կանխիկ խաղադրույքն արգելվում է

Օնլայն կազինոներից օգտվելը բարդանում է. Կանխիկ խաղադրույքն արգելվում է

Ֆինանսների նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկվում է կարգավորել խաղային հաշիվներին գումարների մուտքագրման հետ կապված հարաբերությունները: Նոր կարգավորումները Կառավարության՝ հունիսի 22-ի նիստին ներկայացրեց նախարար Վահե Հովհաննիսյանը:

Ըստ այդմ՝ նախ սահմանվում է, որ ինտերնետային շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային, այդ թվում՝ քարտային հաշիվների միջոցով:

Երկրորդը` արգելվում է տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները պետք է համալրվեն կամ հաշիվներից գումարը պետք է ելքագրվի միայն անկանխիկ եղանակով: Տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների միջոցով:

Ըստ նախարարի՝ նախագծի ընդունումը միտված է նրան, որ յուրաքանչյուր խաղացող կատարի խաղադրույք միայն իր խաղային հաշվից և իրեն պատկանող հաշվի միջոցներից:

Մյուս կողմից` ովքեր չունեն սեփական բանկային հաշիվներ, կամ նրանց պատկանող հաշիվների վրա կիրառված են արգելանքներ կամ հանդիպում են այլ խոչընդոտների՝ բանկային ծառայությունների իրականացման իմաստով, հնարավորություն չեն ունենա մասնակցելու շահումով խաղերին, կատարելու խաղադրույքներ կամ համալրելու հատուկ խաղային հաշիվները:

Թեմային անդրադառնալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ սա սկզբունքային բարեփոխումներից է, որն անձամբ իր համար ունի երկար պատմություն և սկսվում է 2015 կամ 2016 թվականին Կապանի բակերից մեկում ունեցած հանդիպումից, երբ շենքի բնակիչներից կանայք իր ուշադրությունը հրավիրեցին այն փաստի վրա, որ ամեն շենքի կամ շքամուտքի մոտ բուքմեյքերական գրասենյակ կա:

«Նրանք ասում էին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատող իրենց ամուսինները աշխատավարձի օրը տուն են բերում աշխատավարձի միայն մի մասը, որովհետև աշխատավարձ ստանալու օրը նախ մտնում են բուքմեյքերական գրասենյակներ, հետո գալիս են տուն»,- ասաց նա և հիշեց, որ 2018-ին քարոզարշավի ժամանակ ևս բոլոր բենզալցակայանների մոտ խաղային ավտոմատներ են տեղադրված եղել:

Ըստ Փաշինյանի՝ հիմա բարեփոխումների գործընթացի վերջին հանգրվանին են հասել:

«Ի՞նչ ենք ասում. ասում ենք, որ կանխիկ այդ դրամապանակները չեն կարող լիցքավորվել, կարող են լիցքավորվել անկանխիկ՝ միայն բանկային հաշվից և կամ բանկային քարտից: Այսինքն՝ մենք բացառում ենք որևէ անհետագծելի խաղադրույք»,- ասաց նա:  

Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ կարգավորմամբ պահանջում են, որ դրամապանակ ունեցողին կցվի միայն իրեն պատկանող, իր անունով քարտային և բանկային հաշիվ, և այդ կերպ հնարավորություն կունենան սահմանափակումներ մտցնել նպաստ ստացողների կամ վարկային պարտավորություն ունեցողների նկատմամբ, որոնք խաղադրույք են կատարում:  

Փաշինյանը, անդրադառնալով նպաստ ստացողների կողմից խաղադրույք կատարելու խնդրին, ընդգծեց. «Անտրամաբանական է, եթե մարդը ամիսը 100 հազար դրամ, օրինակ, պարտվում է օնլայն կազինոյում, ինչի՞ պետք է Կառավարությունն իրեն 27 հազար դրամ նպաստ տա»:

  • Կիսվել: