երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ոչ ուշ, քան մինչև 2025 թ. հունվարի 1-ը, ձևավորենք գազի ընդհանուր շուկա. Սարգսյան

Ոչ ուշ, քան մինչև 2025 թ. հունվարի 1-ը, ձևավորենք գազի ընդհանուր շուկա. Սարգսյան

ԵԱՏՄ պայմանագիրը նախատեսում է, որ մենք պետք է ոչ ուշ, քան մինչև 2025 թ. հունվարի 1-ը ձևավորենք գազի ընդհանուր շուկա, իսկ մինչ այդ բոլոր հարաբերությունները կարգավորվում են երկկողմ պայմանագրերով: Այս մասին ՀԺ-ի հետ հարցազրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա անդրադարձավ վարորդական իրավունքներին և գազի գնին վերաբերող հարցերին, որոնք ամենաարդիականն են՝ կապված ԵԱՏՄ-ում ՀՀ-ի գործունեության հետ:

Նա խոսեց այն մասին, թե իրականում ինչո՞վ են պայմանավորված գազի գնի տատանումները, և հնարավո՞ր է արդյոք հասնել այդ խնդրի երկարաժամկետ լուծմանը՝ Հայաստանի պարագայում:

 Սարգսյանը, մասնավորապես, նշեց.

Շուկայի ձևավորման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը մշակված են, և նախատեսվում է, որ 2022 թվականին կընդունվի նաև շուկայի ձևավորման միջազգային պայմանագիրը: Ինչ վերաբերում է գազի գնին, ապա անհրաժեշտ է նշել, որ, ինչպես յուրաքանչյուր ապրանքի գին, ձևավորվում է մի քանի գործոններից, որոնց թվում թերևս ամենակարևորներն են արտադրության և տեղափոխման ծախսերը: Տեղափոխման գինը ձևավորվում է ազգային օրենսդրությամբ նախատեսված սակագների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա: Վերջերս Երևանում հաստատեցինք երկրներում գործող գազի տեղափոխման բնագավառը կարգավորող նորմատիվ-իրավական ակտերի ցանկը, որոնք պետք է նախանշեն ներդաշնակեցման սկզբունքները:

2023 թվականին պետք է մշակվեն և հաստատվեն գազի միասնական շուկայի մեկնարկը ապահովող հետևյալ կարևոր փաստաթղթերը՝ գազատրանսպորտային համակարգերի հասանելիության կանոնները, գազի առևտրի կանոնները և բորսայական առևտրի կանոնները: Իր հերթին Հանձնաժողովն ընդունել է բնական մենաշնորհների բնագավառում սակագների ձևավորման մեթոդաբանություն, որը նախատեսում է գնագոյացման թափանցիկության ապահովում և սակագների հաշվարկման ոչ խտրական սկզբունք: Այս փաստաթուղթը կրում է խորհրդատվական բնույթ, այսինքն՝ պարտադիր չէ երկրների համար, սակայն այդ սկզբունքները պետք է հիմք հանդիսանան հետագայում շուկայի ձևավորման պայմանագրի մշակման ժամանակ: Այս առումով առաջիկա չորս տարիները կարևոր են լինելու գազի ընդհանուր շուկայի ձևավորման գործում։

Ինչ վերաբերում է հայկական վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանափակմանը, անհրաժեշտ եմ համարում նշել, որ հարցի ի հայտ գալուն պես Հանձնաժողովը նախաձեռնել է քննարկումներ ռուսական և հայկական կողմերի մասնակցությամբ, հարցը բազմաթիվ անգամներ քննարկվել է նաև փոխվարչապետների խորհրդի նիստում, և հայկական կողմը բարձրացրել է այդ խնդիրը: Նշեմ, որ, ըստ առկա տեղեկատվության, Ռուսաստանի Դաշնությունը մշակել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է լուծել այս հարցը։ Այժմ հայկական և ռուսական կողմերը տարբեր հարթակներում, այդ թվում՝ խորհրդարանական, մարդու իրավունքների գրասենյակների հարթակներում շարունակում են քննարկումները հարցի լուծման ուղղությամբ:

Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե երբ Հայաստանը 2015-ին դարձավ ԵԱՏՄ անդամ, գազի գնի նվազումը կապվեց Միությանը անդամակցելու հետ: Իրականում կա՞ նման նախապայման, և Միությունից դուրս գտնվող երկրներն ավելի խոցելի՞ են արդյոք գազի գնագոյացման պարագայում, թե՞ ոչ:

Նա, մասնավորապես, ասաց.

ԵԱՏՄ պայմանագրի համաձայն՝ մինչև գազի միասնական շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի կնքումը, այսինքն՝ մինչև ամենաուշը 2025 թվականը, գազի առք ու վաճառքն իրականացվում է երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ սահմանված է գազի գնի որոշակի մակարդակ, որը, ի համեմատություն ԵԱՏՄ ոչ անդամ պետությունների, էականորեն ավելի ցածր է: Օրինակ՝ ԱՊՀ անդամ և ԵԱՏՄ դիտորդ հանդիսացող Մոլդովային 2019-ի առաջին եռամսյակում վաճառված գազի գինը կազմել է 235 դոլար՝ 1000 խմ-ի համար, իսկ երրորդ այլ երկրների համար նույն ժամանակահատվածում միջին գինը կազմել է 254 դոլար:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահը խոսեց այն մասին, թե ինչպե՞ս է կարգավորվում այն խնդիր, երբ ՀՀ քաղաքացին իր վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում երթևեկում է որպես զբոսաշրջիկ կամ բեռնատարով հատւմ սահմանը՝ ներկրելով ապրանք: Այս առնչությամբ նա ասաց.

Ֆիզիկական անձանց կողմից անձնական նպատակներով մեքենաների շահագործման ժամանակ վարորդական իրավունքների փոխճանաչման որևէ խոչընդոտ չի առաջանում: Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունք ունեցող քաղաքացիները առանց որևէ խնդրի կարող են վարել իրենց ավտոմեքենան Ռուսաստանի Դաշնության տարածքում: Ինչ վերաբերում է բեռնատարի վարորդներին, ապա այս պարագայում նույնպես բեռնափոխադրումներն իրականացվում են առանց որևէ խնդրի, և հայկական բեռնափոխադրող ընկերության վարորդը հատում է սահմանը՝ բեռը առանց որևէ խոչընդոտի հասցնելով Ռուսաստանի Դաշնության տարածքում նախատեսված վայր:

  • Կիսվել: