Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհեր
Հուլիսի 1-ին` ժամը 21:33-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: Փրկարարները ավտոմեքենայից դուրս՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել են երեք քաղաքացու դի: