ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նորակառույց շենքերը գազով ապահովելու հարցի լուծումը արդեն գիտենք. մեկ ամսից կտեսնեք որոշումը. Վահան Քերոբյան

Նորակառույց շենքերը գազով ապահովելու հարցի լուծումը արդեն գիտենք. մեկ ամսից կտեսնեք որոշումը. Վահան Քերոբյան

Այսօր այդ հարցը կառավարության օրակարգում է, մենք արդեն մոտավորապես գիտենք լուծման ճանապարհը, «Գազպրոմ Արմենիայի» հետ քննարկում ենք մոտ ապագայում Երեւան քաղաքն անհրաժեշտ ենթակառուցվածքներով համալրելու եւ նոր կառուցվող շենքերում անհրաժեշտ գազի մատակարարումն ապահովելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նրան, որ Երեւանում կառուցվող նոր թաղամասերում, մասնավորապես, «Վերածնոնդ» ավանում չի լուծվում թաղամասը գազով ապահովելու հարցը, քանի որ այդ հատվածում «Գազպրոմի» հզորությունները դա թույլ չեն տալիս:

«Մոտավորապես մեկ ամսից դրա վերաբերյալ կտեսնեք որոշում: Ըստ էության, որոշումները կայացվել են, հիմա կառավարության որոշման նախագծի համապատասխան աշխատանքների փուլն է»,-ասաց նա:

Հարցին՝ դա պետությունն է անելու, թե կառուցապատողը, Քերոբյանը պատասխանեց. «Դա անելու է «Գազպրոմ Արմենիան»:

Նախարարը նաեւ ընդհանուր գնահատկաններ հնչեցրեց. «Այն ներդրումները, որ պետք է արվեին 15-20-30 տարվա ընթացքում ենթակառուցվածքների մեջ, որ դրանք զարգանան, չի արվել կամ արվել է, կամ արվել է շատ չնչին մասով, եւ այսօր, ցանկացած ենթակառուցվածքի նայելով, տեսնում ենք ահռելի ներդրումների տեղ: Հիմա մեր կառավարությունը որքան էլ տքնի, չի կարող որոշակի չափից ավելի ներդրումներ իրականացնել ենթակառուցվածքների մեջ, քանի որ պետք է պահել նաեւ հարկաբյուջետային խոհեմ քաղաքականությունը, առաջին հերթին ամենակարեւոր ենթակառուցվածքների զարգացմանը, որից ամենակարեւորը կրթական համակարգի արդիականացումն է»:

  • Կիսվել: