երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Վուչիչն ընդունել է իր կուսակցության պարտությունը Սերբիայի խորհրդարանի ընտրությունում

Վուչիչն ընդունել է իր կուսակցության պարտությունը Սերբիայի խորհրդարանի ընտրությունում

Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչին ընդունել է իր իշխող «Սերբական առաջադեմ կուսակցության» պարտությունը կիրակի՝ հոկտեմբերի 25-ին կայացած խորհրդարանի արտահերթ ընտրությունում: Ըստ վերջին տվյալների՝ «Ուսանողական ցուցակ» կուսակցությունը խորհրդարանում կստանա 135-ից 140 տեղ, իսկ Վուչիչի կուսակցությունը՝ 105:

Սերբիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել էր, որ խորհրդարանի ընտրությանն ընտրողների մասնակցությունը շատ բարձր է, ժամը 18:00-ի դրությամբ՝ ընտրատեղամասերի փակվելուց երկու ժամ առաջ, այն կազմել է 64.9%՝ ռեկորդային բարձր ցուցանիշ 1992 թվականին Հարավսլավիայի փլուզումից ի վեր:

Սերբական Danas թերթը գրել է, որ երբ Վուչիչն ընդունել է պարտությունը, մարդկանց բազմությունը ինքնաբուխ դուրս է եկել Բելգրադի փողոցներ՝ նշելու «Ուսանողական ցուցակի» հաղթանակը:

Վերջինս ի հայտ է եկել 2024 թվականի նոյեմբերին Սերբիայի հյուսիսային Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանի տանիքի փլուզումից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի ֆոնին, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ։ Քննադատները ողբերգությունը կապել են կոռուպցիայի և Վուչիչի կառավարության անփութության հետ։

Սեպտեմբերի վերջին Վուչիչը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից՝ իր կուսակցության հաղթանակի դեպքում կառավարության ղեկավար դառնալու համար։ Նրա երկրորդ նախագահական ժամկետը պետք է ավարտվեր հաջորդ տարվա մայիսին և նա իրավունք չուներ առաջադրվել երրորդ ժամկետի համար։

  • Կիսվել: