Իրանի համար միևնույն է, թե ով իշխանության կգա Իսրայելում. Բաղայի
Իրանի համար միևնույն է, թե ով իշխանության կգա Իսրայելում ընտրությունների արդյունքներով, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ համար տարբերություն չկա, թե նման պայմաններում ով կգլխավորի մի ռեժիմ, որը սպանություններից և ցեղասպանությունից բացի որևէ ձեռքբերում չունի», - ասել է նա ճեպազրույցի ընթացքում:
Բաղային նաև Իսրայելում ընտրություններն անվանել է մրցույթ տարբեր բանդաների միջև այն հարցում, թե ով ավելի շատ չարագործություններ կկատարի: Իսրայելցի քաղաքական գործիչների գլխավոր կարգախոսը, դիվանագետի գնահատմամբ, հետևյալն է՝ «ես կարող եմ ավելի շատ հանցագործություններ կատարել, քան դու»:
Հիշեցնենք, որ Իսրայելում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 27-ին: Դրանց արդյունքներով կձևավորվի նոր գումարման Քնեսեթը, որից հետո ամենաշատ թվով մանդատներ ստացած կուսակցության առաջնորդին կհանձնարարվի նոր կառավարության ձևավորումը: Այս պահին, վերջին հարցումների համաձայն, Բինյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած ներկայիս իշխող կոալիցիայի բլոկը և միավորված ընդդիմությունը ընթանում են հավասար: Ընդ որում, կողմերից և ոչ մեկը չի հավաքում մեծամասնություն՝ Քնեսեթում 120 տեղից 61-ը, որն անհրաժեշտ է իշխող կոալիցիա ձևավորելու համար:



