Նոր օրենսդրական փոփոխությունները կարող են խթանել ստվերը. Խաղային օպերատորների ազգային ասոցիացիա
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և հարակից օրենքներում Ազգային ժողովի կողմից ընդունված մի շարք փոփոխությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Այս մասին հայտնեցին «Խաղային օպերատորների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից։
Ասոցիացիայից տեղեկացրեցին, որ հունիսի 19-ին նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ներկայացնելով, թե կոնկրետ որ դրույթներն են համարում հակասահմանադրական։
Յոթանասուն և ավելի տարիք ունեցողների համար արգելքը
Մասնավորապես, Ասոցիացիայում կարծում են, որ «յոթանասուն և ավելի տարիք ունեցող» քաղաքացիների մասնակցությունը շահումով խաղերին և ինտերնետ շահումով խաղերին և բուքմեյքերական գործունեությանը արգելելը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներին և ազատություններին։
«Օրենքի փոփոխությամբ առաջարկվող սահմանափակումները ուղղակիորեն առնչվում են անձնական կյանքի հարգանքի, հավասարության և խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքներին։
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք», - նշեցին Ասոցիացիայից, հավելելով, որ Սահմանադրության 29-րդ հոդվածը ամրագրել է ամրագրել է խտրականության արգելքը, այդ թվում տարիքային շեմով պայմանավորված, մինչդեռ նոր օրենքով 70 տարեկանից բարձր անձանց նկատմամբ արգելքի սահմանումը հանդիսանում է ուղղակի տարիքային խտրականություն։
Ինչ վերաբերում է մոլախաղերով հրապուրված քաղաքացիների մասնակցության արգելքին, ապա ըստ Ասոցիացիայի ՀՀ քաղաքացիական օրենսգրքն արդեն իսկ սահմանել է իրավական հնարավորություն սահմանափակելու այն քաղաքացիների գործունակությունը, սակայն նշված հոդվածը տվյալ համատեքստում որևէ տարիքային շեմ չի սահմանում։
«Օրենսդրական նշված կարգավորումների համատեքստում ստացվում է, որ անհարկի սահմանափակվում է որոշակի տարիքային խմբի «գործունակությունը»», - ասվում է նամակում։
NAGO-ն համարում է, որ 70 տարեկանից բարձր քաղաքացին ունի իր սեփական դրամական միջոցները (լինի դա կենսաթոշակ, խնայողություններ թե այլ եկամուտ) իր հայեցողությամբ տնօրինելու լիարժեք սահմանադրական իրավունք։ Պետությունը իրավունք չունի որոշել, թե քաղաքացին իր օրինական եկամուտներն ինչպես պետք է ծախսի՝ ելնելով միայն նրա տարիքից։
Հանրային ծառայողների նկատմամբ նախատեսվող սահմանափակումներ
Նամակում ուշադրություն է հրավիրվում նաև հանրային ծառայողների նկատմամբ նախատեսվող սահմանափակումների վրա։ Ընդ որում՝ այդ սահմանափակումները վերաբերում են նաև պետական մասնակցությամբ մասնավոր ընկերությունների աշխատակիղներին։ Ասոցիացիայի գնահատմամբ՝ դրանք տարածվում են անձանց լայն շրջանակի վրա՝ առանց բավարար հիմնավորման, ինչի հետևանքով սահմանափակվում են այն քաղաքացիների իրավունքները, որոնց գործունեությունը որևէ առնչություն չունի խաղային ոլորտի կարգավորման կամ վերահսկողության հետ։
«Սույն համատեքստում հարկ ենք համարում վկայակոչել ՀՀ Սահմանդրության 31-րդ հոդվածով սահմանված Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությանը վերաբերող դրույթներին, որտեղ մասնավորապես ամրագրված է, որ 1․ Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: 2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Գտնում ենք, որ օրենքի փոփոխությամբ նախատեսված կարգավորումներն անհարկի սահմանափակում են պետական և համայնքային ծառայություններում աշխատող անձանց համար ինտերնետ շահումով խաղերում անձնական հաշիվներ ունենալու իրավունքը, և նշված արգելքը հակասում է Սահմանադրության 31-րդ հոդվածի իրավակարգավորումներին այնքանով, որքանով Անձնական ժամանցը և աշխատանքային ժամերից դուրս օրինական գործունեությամբ զբաղվելը հանդիսանում է մասնավոր կյանքի անբաժանելի մասը։
Պետական և համայնքային աշխատողը, իրենց ծառայողկան, աշխատանքային և մասնագիտական պարտականություններից զատ, հանդիսանում են ՀՀ լիիրավ քաղաքացի և պետք է օգտվեն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքներից և ազատություններից։ Այն ստեղծում է անհավասար պայմաններ պետական և մասնավոր հատվածի աշխատողների միջև՝ խախտելով իրավահավասարության սկզբունքը։ Խաղային հաշիվ ունենալու փաստը ինքնին չի վկայում պետական ծառայողի անբարեխղճության կամ կոռուպցիոն ռիսկերի մասին։ Պետությունը կարող է և պարտավոր է վերահսկել աշխատանքային ժամերին աշխատանքային պարտականությունների կատարումը, բայց ոչ աշխատողի ազատ ժամանակը։ Որևէ իրավական հիմնավորում չկա առ այն, որ պետական աշխատողի կողմից օրինական լիցենզավորված խաղերից օգտվելը վնասում է հանրային շահին այնքան, որ անհրաժեշտ լինի կիրառել բացարձակ արգելք», - նշված է Ասոցիացիայի նամակում։
Ըստ ասոցիացիայի՝ այս սահմանափակումները անհամաչափ են, միջամտում են անձի մասնավոր կյանքին և խախտում իրավահավասարության սկզբունքը՝ տարբեր պայմաններ ստեղծելով պետական և մասնավոր հատվածներում աշխատողների համար։
«Անձնական ժամանցը և աշխատանքային ժամերից դուրս օրինական գործունեությամբ զբաղվելը հանդիսանում է մասնավոր կյանքի անբաժանելի մասը»,- նշվում է դիմումում։ NAGO-ն նաև պնդում է, որ լիցենզավորված խաղային հաշիվ ունենալու փաստն ինքնին չի կարող վկայել պետական ծառայողի անբարեխղճության կամ կոռուպցիոն ռիսկերի մասին։
Ասոցիացիան ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ նույն սահմանափակումները չեն տարածվում խաղատների գործունեության վրա, ինչի հետևանքով, ըստ NAGO-ի, նույն ոլորտում ձևավորվում են տարբեր իրավական մոտեցումներ։
Խաղային հաշիվների արգելափակման նոր դրույթներ, «ինքնաարգելափակման» կոճակ
Ասոցիացիան ուշադրություն է հրավիրում ևս մի դրույթի վրա, համաձայն որի նախատեսվել է պահանջ, որ խաղի կազմակերպիչների կայքէջերում պետք է պարտադիր զետեղվի «ինքնաարգելափակման» կոճակ, որի միջոցով քաղաքացին հնարավորություն ունի ինքնաարգելափակել իր խաղային հաշիվը։
«Նշված փոփոխությունն առաջին հայացքից խնդրահարույց տարրեր չի պարունակում, սակայն նշված փոփոխություններով նախատեսվում է արգելափակումը կիրառել 5 տարի ժամկետով, ընդ որում յուրաքանչյուր ժամկետի ավարտից հետո այն կրկին երկարացվում է նույն ժամկետով, եթե ժամկետի վերջին հինգ օրը անձը դիմում չի ներկայացնում արգելքը վերացնելու մասին:
Հինգօրյա հակադարձ հրաժարման ժամկետը ինքնաարգելափակումը պաշտպանական միջոցից կվերածի գրեթե մշտական արգելքի այն անձանց համար, ովքեր բաց են թողնում վերջնաժամկետը պարզ անուշադրության, հիվանդության, ճամփորդության կամ տեխնիկական պատճառներով: Արդյունքը ևս մեկ հնգամյա արգելափակումն է ոչ թե այն պատճառով, որ անձը կայացրել է գիտակցված նոր ընտրություն, այլ այն պատճառով, որ նա չի գործել սահմանված ժամկետում։
Կարծում ենք, որ Կարգավորումը պետք է հնարավորություն տար ընտրելու ժամկետներ (օրինակ՝ 1 ամիս, 6 ամիս, 1 տարի կամ 5 տարի)։ Մինչդեռ հստակ 5 տարի սահմանելը անհարկի սահմանափակում է անձի իրավունքը», - ասաված է նամակում:
Ասոցիացիայում համարում են, անձնական հաշիվների արգելափակումը կհանգեցնի նրան, որ քաղաքացիները կփորձեն առավել հաճախ օգտվել անօրինական, ստվերային կամ արտասահմանյան հարթակներից, որոնց գործունեությունը ՀՀ օրենսդրության իրավակարգավորումների շրջանակներում լիցենզավորված չէ և պետական վերահսկողության մեխանիզմերից դուրս է։


