շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Չէի ասի, որ այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ կա. Վահան Քերոբյանը՝ Լարսում կուտակված բեռնատարների մասին

Չէի ասի, որ այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ կա. Վահան Քերոբյանը՝ Լարսում կուտակված բեռնատարների մասին

Մեքենաներն անցնում են, իհարկե ոչ բոլորը, բայց նախորդ օրվա ընթացքում մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լարսում տիրող իրավիճակին՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Խոսելով ալկոհոլային խմիչքներով բեռնված մեքենաների չանցնելու մասին՝ նախարարն ասաց. «Մեր Կառավարության և Էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության կարևորագույն մաս է կազմում նաև այն, որ  ՀՀ-ում արտադրվող ապրանքները լինեն բարձր որակի, և մենք որոշ ժամանակ առաջ արդեն սկսել էինք գործընթաց, որպեսզի ՀՀ-ից արտահանվող խմիչքը լինի բարձր որակի: Չեմ կարող ասել, որ քաղաքական ենթատեքստ կա, որոշ մեքենաներից նմուշառումներ են արվել, սպասում ենք նմուշառման արդյունքներին, այլ մեքենաներն անցնում են»:

Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնել էր, որ Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության:

  • Կիսվել: