ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախատեսվում է պատասխանատվություն սահմանել պարտականությունները պատշաճ չկատարող ազգային օպերատորի նկատմամբ. նախագիծ

Նախատեսվում է պատասխանատվություն սահմանել պարտականությունները պատշաճ չկատարող ազգային օպերատորի նկատմամբ. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«2022-ին ընդունված և 2023 թվականին ուժի մեջ մտած՝ ԵԱՏՄ-ում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ն կետի առաջին պարբերության համաձայն՝ ազգային օպերատորը պետք է ապահովի ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը մշտական հիմունքներով՝ շաբաթական 7 օր և շաբաթական 24 ժամ: Նույն կետի հաջորդ պարբերությամբ նախատեսված է, որ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն: Նախագծով նախատեսվում է սահմանել 3 դեպք:

Առաջին դեպքը, երբ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող օպերատորի կողմից նշված համաձայնագրով սահմանված՝ իր կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովման պարտավորությունը չի կատարվում, առաջանում է տուգանք 30 հազար դրամի չափով»,- տեղեկացրեց հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

Նրա խոսքով՝ նույն խախտումը երկրորդ անգամ կրկնելու դեպքում առաջանում է տուգանք՝ արդեն 50 հազար դրամի չափով, իսկ նույն խախտումը երկու անգամից ավելի կրկնվելու դեպքում օպերատորը զրկվում է օպերատորի կարգավիճակից:

«Երկրորդ խումբն այն դեպքն է, երբ տեղեկատվական համակարգի անխափան աշխատանք չապահովելու պարտավորությունն առաջացնում է մաքսային վճարների չհաշվարկում կամ չվճարում: Այս դեպքում կիրառվում է տուգանք՝ չհաշվարկված կամ չվճարած մաքսային վճարների կամ այլ հարկերի 50 տոկոսի չափով, և երրորդ դեպքը՝ երբ խախտումն առաջացնում է արգելքների և սահմանափակումների չկիրառում: Այս դեպքում ևս տուգանքի չափը կազմում է ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 50 տոկոսը: Երկրորդ և երրորդ դեպքերը ևս երկու անգամից ավելի կրկնելու դեպքում առաջացնում են ազգային օպերատորի գործունեության դադարեցում Կառավարության կողմից սահմանված կարգով: Սա է նախագծի էությունը»,- նշեց Մուրադյանը:

Հարակից զեկուցող, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի խոսքով՝ այս լրացումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին 2022 թ. ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրով, որը նախատեսում է որոշակի պարտավորություններ իրականացնել ազգային օպերատորի նկատմամբ, որը պատճաշ չի կատարում իր պարտականությունները:

Թորոսյանը տեղեկացրեց՝ օրենքի նախագիծը քննարկվել է հանձնաժողովում, հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փոփոխությանը:

«Առաջարկում եմ կողմ քվեարկել»,- ասաց պատգամավորը:

  • Կիսվել: