երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախարար Գնել Սանոսյանը պարզաբանեց, թե ինչու է դանդաղում «Հյուսիս-հարավ»-ի կառուցումը

Նախարար Գնել Սանոսյանը պարզաբանեց, թե ինչու է դանդաղում «Հյուսիս-հարավ»-ի կառուցումը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դրական է համարում, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի մի շարք հատվածներում շինարարություն է սկսվել։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։

Մասնավորապես, նա հիշեցրեց, որ կառուցվել էր Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածը և շինարարությունը կանգնել էր։ Նախարարի պնդմամբ` որոշ հատվածների վերաբերյալ դատական հարցեր կան, այդ պատճառով էլ կա՛մ կանգ են առել աշխատանքները, կա՛մ դանդաղում են, բայց կարծես թե դրանք էլ են լուծում ստանում։

Այժմ արդեն սկսվել է Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը, այդ գործընթացով զբաղվելու է 2 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրին 18 ամիս ժամկետ է տրված աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Սանոսյանի խոսքով` Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածի շինարարությունը կավարտվի շուտով և վերջապես աշխատանքները կսկսվեն հարավում` Ագարակ–Քաջարան հատվածում։

«Մենք տրամադրված ենք իրականացնել այս նախագիծը, աշխատում ենք այդ ուղղությամբ, և խնդիրը բնավ ֆինանսների մեջ չէ։ Խնդիրը տարբեր քննարկումների, դժվարությունների, նախագծման և անհամաձայնությունների մեջ է դոնորների հետ և այլն»,– նշեց ՏԿԵ նախարարը։

Դրա հետ մեկտեղ նախարարը կոնկրետ ժամկետներ չկարողացավ նշել, թե երբ ճանապարհը լիովին պատրաստ կլինի։ Նրա խոսքով` ճանապարհի տարբեր հատվածների շինարարությունը սկսվել է տարբեր ժամանակներում և տարբեր ժամանակ է պահանջում ավարտելու համար:

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն:

Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

  • Կիսվել: