շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մոտակա ամիսներին գնաճը կմնա ցածր մակարդակի վրա. ԿԲ խորհրդի անդամ

Մոտակա ամիսներին գնաճը կմնա ցածր մակարդակի վրա. ԿԲ խորհրդի անդամ

ՀՀ կենտրոնական բանկն ամենօրյա ռեժիմով իրականացնում է տնտեսության և ֆինանսական շուկաների մշտադիտարկում, քննարկում է տարբեր այլընտրանքային սցենարներ տնտեսության հետագա զարգացման համար և պատրաստ է արձագանքել ցանկացած իրավիճակին։ Այս մասին մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն՝  անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում գնաճի և մակրոտնտեսական կայունությանը:

Նա նաև նշեց, որ իրականացվող քաղաքականության արդյունավետության համար ԿԲ-ն մշտապես հաղորդակցվում է բանկերի, վարկային կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների հետ։

Անդրադառնալով մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ մոտեցումներին՝ Արթուր Ստեփանյանը հիշեցրեց, որ մարտի 17-ին ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` այն դեպքում, երբ տարածաշրջանում շատ երկրներ բարձրացրեցին այն կամ թողեցին անփոփոխ:

«Այս գործողության տրամաբանությունը հետևյալն է. պարզ է, որ ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ դրամավարկային քաղաքականության գործիքակազմով հնարավոր չէ ազդել առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական զարգացումների և տնտեսության առանձին հատվածների զարգացումների վրա: Սակայն կարևոր է շարունակել պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչը կառավարությանը թույլ կտա ավելի արդյունավետ ապահովել թիրախավորված միջոցառումները տնտեսության տարբեր սեկտորների հետ կապված»,- ասաց Արթուր Ստեփանյանը։

Միաժամանակ, ըստ նրա, քանի որ 2015 թվականից հանրաետությունում ձևավորվել է բավականին ցածր գնաճային միջավայր, և ներկայումս նույնպես գնաճը բավականին ցածր է, և այս քայլով ԿԲ-ն հնարավորություն է տալիս հավասարակշռել տնտեսական ակտիվության և գների կայունության, տնտեսության զարգացման նպատակները:

«Գնաճային սպասումները բավական ժամանակ խարսխված են, և մենք այստեղ որոշակի ընդլայնողական քաղաքականություն իրականացրինք: Կարող եմ հաստատապես ասել, որ մոտակա ամիսներին գնաճը մնալու է ցածր մակարդակի վրա։ Եթե նայում ենք արտաքին աշխարհի զարգացումներին և նրան, թե կառավարությունն ինչ ջանասիրաբար է առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումներին և գներին վերաբերում, ապա, ըստ էության, կարող ենք  արձանագրել, որ որևէ ռիսկ չենք տեսնում գնաճի ավելացման հետ կապված»,- հայտարարեց Արթուր Ստեփանյանը:

  • Կիսվել: