չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Միջազգային շուկայում ստեղծված աժեոտաժի պայմաններում Հայաստանի եվրապարտատոմսերի նկատմամբ վստահությունը շարունակում է բարձր մնալ․ ՖՆ պաշտոնյա

Միջազգային շուկայում ստեղծված աժեոտաժի պայմաններում Հայաստանի եվրապարտատոմսերի նկատմամբ վստահությունը շարունակում է բարձր մնալ․ ՖՆ պաշտոնյա

Միջազգային ֆոնդային բորսայում վերջին շրջանում նաև կորոնովիրուսով պայմանավորված աժեոտաժի պայմաններում Հայաստանի եվրապարտատոմսերի նկատմամբ վստահությունը շարունակում է բարձր մնալ, InfoPort.am-ին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը:

Ըստ պաշտոնյայի ներկայացրած տվյալների, եթե հայկական պարտատոմսերը (եվրաբոնդերը) թողարկվել են 3.95 տոկոս եկամտաբերությամբ, ապա դրանց տոկոսադրույքն այժմ կազմում է 3.72 տոկոս:

«Մեր նկատմամբ վստահության հաշվին մեր պարտատոմսերի տոկոսադրույքը դեռ ակտիվ չի տատանվում։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանից դրական ազդակներ են հաղորդվում։ Եթե չկա բացասական ազդակ, ապա պարտատոմսերի հետ ամեն ինչ նորմալ է»,- նկատեց Արշալույս Մարգարյանը:

Նշենք, որ միջազգային շուկայում ոսկու գները կտրուկ աճել են, իսկ ԱՄՆ պարտատոմսերը թեպետ պատմական մինիմումի են հասել՝ 0.6%, այդուհանդերձ, ինվեստորները ձգտում են գնել դրանք: Բարձրացել է նաև Շվեյցարիայի և Ճապոնիայի պարտատոմսերի պահանջարկը, որոնք համարվում են կայուն արժույթ: ՖՆ պաշտոնյայի ներկայացմամբ, նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջին 45 օրում մոտ 35 մլրդ դոլար դուրս է եկել զարգացող շուկաներից և ամենավատը՝ դուրս են բերվում կայուն արժույթները։

«Այսինքն՝ դոլարային պահուստից են զրկվում այդ երկրները։ Այսօր պարտատոմսերի թողարկումներ չկան»,- նշում է Մարգարյանը։

Նրա խոսքով, նախորդ տարի սեպտեմբերին կառավարության կողմից 500 մլն դոլար եվրապարտատոմսերի թողարկումը՝ 4,2% տոկոսադրույքով, շատ ճիշտ ժամանակին արված քայլ էր ու խիստ հաշվարկված։

«Հայաստանը երանելի վիճակում էր, այդ ժամանակ շատ էին բարենպաստ գործոնները, և որոշվեց 500 մլն դոլարի եվրապարտատոմսերը թողարկել՝ 4,2 տոկոս տոկոսադրույքով։ Այդ տոկոսադրույքի վրա, ճիշտ է, գործոնային վերլուծություն չենք արել, բայց հեղափոխությունն իր ազդեցությունն ունեցել է, որովհետև բանկերի աչքերին երկրի հեղինակությունն անընդհատ աճել է, քանի որ իրենց համար հասկանալի արժեքներ են որդեգրվում, ներքին շուկայում մեր պարտատոմսերի թողարկումների հաջողությունները ևս հսկայական դեր են կատարել», -նշում է Մարգարյանը։

Ավելին, ըստ Մարգարյանի, գործընկեր բանկերը հայկական կողմին փոխանցել են, որ եթե պարտատոմսերի թողարկումը լիներ ավելի ուշ, ապա ինվեստորների շրջանում կասկածներ կառաջանային։

Հիշեցնենք, որ 2013թ–ին Հայաստանը թողարկել է արտարժույթով առաջին պետական պարտատոմսերը` 700 միլիոն դոլարի չափով, 6,25 տոկոս եկամտաբերությամբ, 7 տարի մարման ժամկետով։ 2015թ–ին հետևել է երկրորդ թողարկումը` 7,5 տոկոս եկամտաբերությամբ, 10 տարի ժամկետով։ Իսկ ահա 3-րդ թողարկումը կազմել է 500 միլիոն դոլար` 10 տարի մարման ժամկետով, 4,2 տոկոս եկամտաբերությամբ։ Պարտատոսմերը շրջանառվում են Դուբլինի Euronext ֆոնդային բորսայում։

  • Կիսվել: