երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Շտապողականությունը միայն խանգարում է «իրական քաղաքականությանը». Լավրով

Շտապողականությունը միայն խանգարում է «իրական քաղաքականությանը». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ամերիկյան CBS News հեռուստաընկերության Face the Nation հաղորդման եթերում մեկնաբանել է Ռուբիոյի և Թրամփի հայտարարությունները՝ ռուս-ուկրաինական բանակցային գործընթացից դուրս գալու վերաբերյալ, եթե արագ արդյունքներ չգրանցվեն:

«Մենք հասկանում ենք այդ անհամբերությունը, որովհետև դա ամերիկյան մշակույթում է, դուք ստեղծում եք սպասումներ, ապա ակտիվացնում լարվածությունն այդ սպասումների շուրջ»,- ասել է Լավրովն ու հավելել. «Դա չի օգնում իրական քաղաքականությամբ զբաղվելուն։ Բայց մենք պատրաստ ենք երկխոսության, պատրաստ ենք բանակցությունների և չենք ուզում սկսել՝ խաղադրույք կատարելով ձախողման վրա։ Դա վատ գործարքի նշան է»։

Լավրովն ուղղակի չի պատասխանել լրագրողի այն հարցին, թե Մոսկվան ինչ փոխզիջումներ է պատրաստ առաջարկել, սակայն անհիմն է անվանել պնդումները, թե Ռուսաստանն իրականում չի ցանկանում զիջման գնալ։

«Ես ընդգծել եմ մեր պատրաստակամությունը՝ փնտրել շահերի հավասարակշռություն»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Նա կրկնել է Ուկրաինային Արևմուտքի ռազմական օգնության մատակարարումը դադարեցնելու պահանջները, որոնք Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները մերժել են։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը համաձայնել է առանց պայմանների հրադադարին, սակայն «մենք ցանկանում ենք երաշխիքներ, որ հրադադարը կրկին չի օգտագործվի ուկրաինական բանակը հզորացնելու համար, և որ զենքի մատակարարումը պետք է դադարեցվի»։

Ի պատասխան Թրամփի կոչին՝ դադարեցնել հարվածներն Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին, Լավրովը շեշտել է. «Մենք կշարունակենք հարվածել ուկրաինական բանակի, մյուս երկրներից եկած վարձկանների և հրահանգիչների կողմից օգտագործվող օբյեկտներին»:

Հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է Միացյալ Նահանգներին հանձնել ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողությունը, որը ներկայումս գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ և, ըստ մամուլի, Վաշինգտոնի առաջարկած խաղաղության ծրագրի կետերից մեկն է, Ռուսաստանի արտգործնախարարը պատասխանել է.

«Ոչ, մենք երբեք նման առաջարկ չենք ստացել, բայց եթե ստանանք, կբացատրենք, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը կառավարում է «Ռոսատոմ» ռուսական պետական ​​կորպորացիան, և այն շատ հուսալի ձեռքերում է»:

  • Կիսվել: