հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միջազգային գործընկերների հետ կնքված պայմանագրերով հասանելի վարկային միջոցների չափը շուրջ 1․5 մլրդ դոլար է․ անհրաժեշտության դեպքում կդիտարկենք նոր վարկային միջոցների ներգրավման հարցը․ Մհեր Գրիգորյան

Միջազգային գործընկերների հետ կնքված պայմանագրերով հասանելի վարկային միջոցների չափը շուրջ 1․5 մլրդ դոլար է․ անհրաժեշտության դեպքում կդիտարկենք նոր վարկային միջոցների ներգրավման հարցը․ Մհեր Գրիգորյան

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ և մինչև տարեվերջ շուրջ 3 միլիարդ դոլարի չափով միջազգային օգնություն կստանա՝ կորոնավիրուսի հետևանքով առաջած տնտեսական վնասները հնարավորինս մեղմելու, տնտեսության վիճակը կայունացնելու համար։ Tert.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությունը՝ պարզելու, թե Հայաստանը բանակցություններ վարում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, որքան գումար կհաջողվի ստանալ սահմանափակումների հետևանքները չեզոքացնելու համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Tert.am-ի հարցերին ի պատասխան՝ նշել են, որ նմանատիպ վարկային միջոցներ հասանելի են նաև Հայաստանի համար և անհրաժեշտության դեպքում Կառավարությունը կդիտարկի նոր վարկային միջոցների ներգրավման հարցը․ «Հարկ է նշել, որ մեր գործընկերների հետ արդեն իսկ կնքված պայմանագրերով հասանելի արտոնյալ նպատակային վարկային միջոցների չափը կազմում է շուրջ 1․5 մլրդ դոլար»,- հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։

– Հայաստանի Կառավարությունը ֆինանսական օգնություն ստանալու համար բանակցություններ վարո՞ւմ է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ։ Մասնավորապես, Եվրոպական միության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի, Եվրոպայի ներդրումային բանկի, Գերմանական զարգացման բանկի և Ֆրանսիական զարգացման գործակալության հետ։

- Կառավարությունը համապարփակ բանակցություններ է վարում բոլոր միջազգային գործընկերների հետ ստեղծված իրավիճակում առավելագույն թիրախային աջակցություն ստանալու նպատակով։ Հայաստանի զարգացման գործընկերներից Եվրոպական միությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի մի շարք կառույցներ արդեն իսկ հայտարարել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում, այդ թվում՝ առողջապահական անհետաձգելի կարիքների, հեռավար կրթության կազմակերպման, սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման համար ՀՀ-ին տրամադրվող աջակցության մասին։ Հայաստանի մի շարք այլ գործընկերների հետ ամենօրյա աշխատանք է իրականացվում՝ հընթացս հստակեցնելու մեր համատեղ գործողությունները։

– Եթե վարվում են բանակցություններ, որքա՞ն ֆինանսական օգնություն է ակնկալում ՀՀ կառավարությունը։ Արդեն կարող եք հստակ թիվ նշել, թե մինչև տարեվերջ որքա՞ն գումար կստանա ՀՀ-ն։

- Հաշվի առնելով, որ Կառավարությունը դեռևս գտնվում է բանակցությունների փուլում միջազգային գործընկերների հետ՝ հստակ թվերի մասին այս պահին խոսելը վաղ է։ Վստահեցնում ենք, որ աջակցության տրամադրման մասին հանրությունը կիրազեկվի ինչպես Կառավարության, այնպես էլ մեր գործընկերի պաշտոնական աղբյուրների միջոցով։

- Միջազգային ֆինանսական և այլ կազմակերպությունների հետ բանակցությունները վարվում են զուտ օգնություն ստանալո՞ւ, թե՞ պարտք վերցնելու շուրջ։

- Ինչպես նշել եք հարցման սկզբում, մեր հարևան Վրաստանը միջազգային գործընկերների հետ քննարկումների արդյունքում մի շարք վարկային նոր ծրագրեր է հաստատել։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ նմանատիպ վարկային միջոցներ հասանելի են նաև Հայաստանի համար և անհրաժեշտության դեպքում մենք կդիտարկենք նոր վարկային միջոցների ներգրավման հարցը։

Այս պահին Հայաստանի մի շարք գործընկերների հետ քննարկումներն ընթանում են դրամաշնորհային միջոցներ ներգրավելու և առկա չօգտագործված վարկային ծրագրերում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու շուրջ։ Հարկ է նշել, որ մեր գործընկերների հետ արդեն իսկ կնքված պայմանագրերով հասանելի արտոնյալ նպատակային վարկային միջոցների չափը կազմում է շուրջ 1․5 մլրդ դոլար։

  • Կիսվել: