երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էժան կլինի, եթե մայթերը սալարկենք չմշակված քարով, հյուսիսային մի երկրում տեսել եմ, զարմացած եմ. Փաշինյան

Էժան կլինի, եթե մայթերը սալարկենք չմշակված քարով, հյուսիսային մի երկրում տեսել եմ, զարմացած եմ. Փաշինյան

Հարգելի գործընկերներ, ես ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ մի շարք եվրոպական երկրներում կա փորձ մայթերը և փողոցները սալարկել չմշակված քարով, երբ որ ես այն տեսա, առաջինը՝ զարմանալի էր և երկրորդը՝ հաճելի էր: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ դրանք հիմնականում գետաքարերով էին սալապատված, որոնք ջրով են մշակված:

Փաշինյանը տեղեկացրեց, որ եվրոպական քաղաքներում երկար փողոցներ և մայթեր սալարկված են նման քարերով:

«Ենթադրում եմ, որ այն կարող է ահագին էժան լինել, որովհետև հասկանալի է՝ քարն ընդամենը հավաքվում է և լրացուցիչ ոչ մի մշակման չի ենթարկվում, որովհետև բնությունն արդեն մշակել է այն»,-հայտարարեց  Փաշինյանը, և արձագանքելով դիտարկմանը, թե ցրտից այդ քարերը կարող են կոտրվել, հավելեց. «Ես այն տեսել եմ հյուսիսային երկրում, որտեղ վստահաբար շատ ավելի ձյուն է գալիս, քան ՀՀ-ում: Թեքությունների հետ կապված խնդիր կարող է լինել, բայց հանրապետությունում ինչքան էլ քիչ՝ այնուամենայնիվ ուղիղ տեղեր կան»:

Նա առաջարկեց մտածել այդ մասին, հավելելով, որ եթե արևմտյան երկրներում հյուսիսում անում են նման բան, ապա Հայաստանում էլ կարող է իրագործվել:

Փաշինյանը կրկնեց, որ բնական քարով պետք է անել և նշեց. «Ես կրկին մնում եմ իմ համոզմունքին, որ, այո, բետոնե սալիկներով սալապատումը մեկ ամիս սիրուն է, նորմալ է, բայց 5-6 ամսից սկսում են պրոբլեմները, որովհետև մենք դրա որակի փորձաքննություն երբեք չենք ունենում և այն պրոբլեմ է»:

  • Կիսվել: