ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Տեսազանգին մասնակցել են Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Գերմանական KfW բանկի, Ասիական զարգացման  և Եվրասիական զարգացման բանկերի ներկայացուցիչները:

Տեսազանգի ընթացքում, ըստ կառավարության հաղորդագրության,  Մհեր Գրիգորյանը   միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ընթացքը: Միջազգային գործընկերներն այդ միջոցառումներն օրինակելի են համարել և պատրաստակամություն հայտնել իրենց աջակցության գործիքների շրջանակում շարունակել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Քննարկվող հիմնական թեման պետության մասնակցությամբ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ մշակված միջոցառման նախագիծն էր, որը Կառավարությունը դիտարկում է որպես ստեղծված ճգնաժամային իրավիճակում ներդրումների խթանման մեխանիզմ: Զրուցակիցները քննարկել են այս ոլորտում միջազգային լավագույն փորձը՝ ներկայացնելով մեխանիզմն առավել թափանցիկ և արդյունավետ դարձնելու միջոցները:

 

  • Կիսվել: