երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մհեր Գրիգորյանը հանդիպել է Տյումենի մարզի ղեկավարի հետ

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Տյումենի մարզի ղեկավարի հետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության՝ Տյումենի մարզ այցի շրջանակներում հունիսի 18-ին հանդիպում է եղել մարզի ղեկավարի Ալեքսանդր Մոորի և Տյումենի քաղաքագլուխ Ռուսլան Կուխարուկի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։

«Հայկական կողմից ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության և Տյումենի մարզի համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Հատուկ ուշադրություն դարձվեց առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանը, միջտարածաշրջանային համագործակցությանը, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի, բիզնեսի և փոխադարձ ներդրումների ոլորտներում փոխգործակցությանը։

Կողմերը երկուստեք ընդգծեցին իրենց շահագրգռվածությունը բիզնեսի և գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև երկկողմ գործարար կապեր հաստատելու հարցում։

Նշվել է Հայաստանի Հանրապետության և Տյումենի մարզի միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ ուշադրությունը Հայաստանի Հանրապետության և Տյումենի մարզի միջև առևտրատնտեսական, գիտա-տեխնիկական, մշակութային և սոցիալական ոլորտների համագործակցության հիմնարար համաձայնագրի ստորագրման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: