չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մհեր Գրիգորյանն ամերիկացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական մարտահրավերները

Մհեր Գրիգորյանն ամերիկացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական մարտահրավերները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, անդրադարձել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցության կարևորության հարցին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները: Մտքեր են փոխանակվել նաև մարդկային կապիտալի զարգացման, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա գլոբալ միտումների և Հայաստանում այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: