ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեր հաշվարկներն էլ են ցույց տալիս, որ գազի գնի որոշակի բարձրացման անհրաժեշտություն կա. Բաղրամյան

Մեր հաշվարկներն էլ են ցույց տալիս, որ գազի գնի որոշակի բարձրացման անհրաժեշտություն կա. Բաղրամյան

«Գազպրոմ Արմենիան» ՀԾԿՀ-ն է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Նրանք հայտով ներկայացրել են գազի սակագնի վերաբերյալ իրենց հաշվարկները, մեր աշխատակազմը ներկայացրել է իր դիրքորոշումը, հիմա սկսել ենք հանրային քննարկումների փուլը և դա ամփոփվելու է հանձնաժողովի նիստում», ընդգծեց նա ՝ հավելելով, որ այս ամսվա մեջ տեղի կունենա այդ նիստը, բայց կոնկրետ օր չեմ կարող նշել»,-նշեց ՀԾԿՀ-ի նախագահը։

Ըստ նրա, նիստը տեղի կունենան այս ամիս, սակայն կոնկրետ օրը դեռ հստակ չէ։

«Դեռևս քննարկումներում փաստագրական հանգամանք չեմ տեսել, որ մեր աշխատակազմի արած հաշվարկները ենթարկվեն փոփոխության, բայց դեռ վերջնական չէ»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե  «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը հանձնաժողովի նիստում ասել էր՝ եթե սակագնի բարձրացում չլինի, իրենք չեն կարողանա անհրաժեշտ սպասարկումն ապահովել, արդյոք համոզիչ են նրա հակափաստարկները, Գարեգին Բաղրամյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ Գազպրոմ Արմենիայի» տնօրենը այդ ենթատեքստում է ասել, որ այլևս չեն կարող շահագործել: Ինձ թվում է՝ դա ընդհանուր ասվեց՝ այսօր գործող գների համեմատությամբ: Մեր աշխատակազմի հաշվարկներն էլ են դա ցույց տալիս, որ այսօրվա գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն»:

Նրա խոսքով՝ «Գազպրոմ» ընկերությունը միջին գին է առաջարկել 283 դոլար, ինչը հինգ սպառողական խմբերի միջին թվաբանականն է։ Համեմատության համար Գարեգին Բաղրամյանը նշեց, որ այսօրվա գործողը 255 դոլար է, իսկ իրենց աշխատակազմն առաջարկել է 266.7 դոլար։

«Ընդ որում՝ այդ միջին 266.7-ն առաջարկվում է բաշխել ըստ սպառողական խմբերի այնպես, որ բնակչության համար և սոցիալապես անապահով սպառողների համար գների փոփոխություն չլինի։ Ավելանում են միջին բարձրացման չափով ջերմոցները և վերամշակող գործարանները և 10 հազար խորանարդից ավելի սպառում ունեցողների գները»,- ընդգծեց Գարեգին Բաղրամյանը։

Նա նաև նշեց, որ եթե միջին գինը բարձրանում է, դա բնական է, որ ինչ-որ տնտեսության ճյուղերի կամ սպառողների վրա դա զգացվելու է։ «Այլ հարց է, թե ինչքանով կլինի այդ բարձրացումը կառավարելի տնտեսության այդ ճյուղերի համար»,- հավելեց նա։

Գարեգին Բաղրամյանը նաև հայտնեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ քննարկում են 10 տարվա կայուն և կանխատեսելի սակագին ունենալու հնարավորությունները։

«Այդ հաշվարկները ևիրավական դաշտը, այսինքն՝ սակագնի հաշվարկման մեթոդիկան ներկայացված է հանրությանը: Դա նախատեսում է առաջիկա 10 տարիների համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ, շուրջ 500 մլն դոլար: Նախատեսվում է այդ ներդրումների դիմաց արդյունքների ակնկալում, և առաջիկա 10 տարիներին բավականին կանխատեսելի սակագնային մարժա ենք ունենալու: Այսինքն, կախված նրանից, թե սահմանին ինչ գազի գին կունենանք, այդ գնից կախված բավականին կանխատեսելի կլինի մարժան և սպառողների համար վերջնական գները»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։

  • Կիսվել: