կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեղրիի անցակետի գործող շենք-շինություններն ամբողջությամբ  քանդվում են, կառուցվում է նոր անցակետ՝ միջազգային լավագույն ստանդարտներով․ ՊԵԿ նախագահ

Մեղրիի անցակետի գործող շենք-շինություններն ամբողջությամբ քանդվում են, կառուցվում է նոր անցակետ՝ միջազգային լավագույն ստանդարտներով․ ՊԵԿ նախագահ

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ միջազգային չափանիշներին համապատասխան կառուցվում է Մեղրիի անցակետը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց․ «ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ է իրականացվում Մեղրիի անցակետի կառուցումը։ Հաջորդ տարվա համար նախատեսվում է 1,9 մլրդ դրամ ՎԶԵԲ-ի դրամաշնորհ, մոտ 2,7 մլրդ դրամ վարկային միջոցներ։ Այսինքն՝ ընդհանուր մոտ 4,6 մլրդ դրամ դրամ։ Եվ այս տարվա համար նախատեսված է եղել 2,1 մլրդ դրամ որպես դրամաշնորհ եւ 780 մլն դրամ վարկային միջոցներ։ Գումարային ստացվում է երկու տարվա համար մոտ 7,6 մլրդ դրամ այս ծրագրի արժեքը։ Ի՞նչ է տեղի ունենալու այդ գումարով»։ 

Ռուստամ Բադասյանն ի պատասխան ասաց, որ Մեղրի անցակետի գործող շենք շինություններն ամբողջությամբ  քանդվում են, զրոյից կառուցվում է նոր անցակետ՝ միջազգային լավագույն ստանդարտներով։ «Դա նաեւ պետք է ներառի այն բարեփոխումները, որոնք մենք անում ենք՝ ուղիների տարանջատում, ավելի հարմարավետ կետի անցում, ավելի արագ կետի անցում, ավելի արդյունավետ մաքսային հսկողություն եւ այլն։ Այսինքն՝ թե շենքի վարչական հատվածն է փոխվում, թե սկաների դիրքերը, որը հիմա ավելի առաջ է գտնվում, քան այն կետը, որտեղ մեր ռիսկերն են աշխատում։ Հետեւաբար, կամ բոլոր մեքենաները պետք է անցնեն սկաների միջով, կամ պետք է գան այստեղ, ռիսկն աշխատի, հետ գնան, ինչը կետում քաոտիկ վիճակ կստեղծի։ Այսինքն՝ բոլոր պրոցեսները հաշվի առնելով՝ փոփոխություն է կատարվում։ Ձեր նշած թվերը, այո, այդպիսին են, որովհետեւ այդպիսին է ժամանակակից ստանդարտներին համապատասխանող մաքսակետի արժեքը։ Կարծում եմ՝ արդարացված է, եւ մեզ համար ամոթալի է, որ մինչեւ հիմա մեր երկրի հարավային դարպասի շենք-շինություններն այդ վիճակում են գնվում։ Մենք դա շատ վաղուց պետք է արած եւ ավարտած լինեինք։ Մեր հիմիկվա գործող կետերից ամենա ոչ բարվոք վիճակում գտնվողն է, որտեղ ամռանը խիստ շոգ է, եւ այդ պայմաններում աշխատանքն իր բարդություններն է ստեղծում»։

  • Կիսվել: