չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մարտին և Էդուարդո Էռնեկյանները Արգենտինայի նախագահի հետ նշել են Էսեյսայի օդանավակայանի նոր տերմինալի բացումը

Մարտին և Էդուարդո Էռնեկյանները Արգենտինայի նախագահի հետ նշել են Էսեյսայի օդանավակայանի նոր տերմինալի բացումը

«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը և գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ տոնեցին Էսեյսա միջազգային օդանավակայանի նոր տերմինալի բացումը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ Բուենոս Այրեսը սպասարկող Էսեյսա միջազգային օդանավակայանը (Ministro Pistarini International Airport / Ezeiza International Airport) ապրիլի 17-ից շահագործում է նոր տերմինալը՝ տարեկան մինչև 30 միլիոն ուղևոր սպասարկելու հնարավորությամբ, որը կկրի Հարավային Ամերիկայի ամենաժամանակակից օդանավակայանի տիտղոսը՝ 100%-ով ապահովվելով վերականգնվող էներգիայով:

«Ես ուզում եմ, որ այս տերմինալի բացումը լինի մեր հպարտությունը, իմանալ, որ այն արգենտինացի ձեռներեցների նախաձեռնությունն է և որ պետությունն աջակցում է դրան», - ասաց Արգենտինայի նախագահը:

Նոր տերմինալն ունի ավելի քան 50,000 ք.մ. տարածք՝ 150-ից ավել հաշվառման սեղաններով, չվերթի ինքուրույն գրանցման 72 տերմինալներով, սահմապանապահ ծառայության 36 խցիկներով, որոնք կապահովեն մեկ ժամում 2400 ուղևորի փաստաթղթային ստուգում: Նոր կայանատեղին կարող է տեղակայել մինչև 7000 մեքենա:

«Մենք ականատեսն ենք Արգենտինայի ենթակառուցվածքների պատմության մեջ կարևորագույն մի աշխատանքի և օդանավակայանային արդյունաբերության կարևոր մի իրադարձության: Այս աշխատանքը մեր նվիրվածության խորհրդանիշն է երկրին և Արգենտինայում գործող 35 օդանավակայանների արդիականացմանը, մի փարոս, որն առաջնորդում է մեզ այն պահից, երբ ստանձնեցինք կոնցեսիոն կառավարումը՝ ուղիղ 25 տարի առաջ», - ասել է Մարտին Էռնեկյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև Արգենտինայի տրանսպորտի նախարարը, Էսեյսայի քաղաքապետը, Արգենտինայի Քաղավիացիայի ղեկավարը և այլ պաշտոնյաներ:

  • Կիսվել: