հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լրացուցիչ միջոցներ՝ գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների և ԲՏՃՄ ոլորտի ուսուցիչների հավելավճարների համար

Լրացուցիչ միջոցներ՝ գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների և ԲՏՃՄ ոլորտի ուսուցիչների հավելավճարների համար

ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեում՝ լրացուցիչ միջոցներ նախատեսելով մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների և ԲՏՃՄ (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդողների համար լրավճարների տրամադրման համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարության այլ միջոցառումներից տնտեսված միջոցներից կվերաբաշխվի 215 մլն 354 հազար դրամ գումար:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ որոշվել է ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող պետական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի տրամադրման համար հատկացնել լրացուցիչ 115 մլն 285 հազար դրամ գումար, իսկ ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկայի) դասավանդող ուսուցիչների համար նախատեսված լրավճարի գումարն ավելացնել  100 մլն 69 հազար դրամով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող պետական դպրոցների ուսուցիչներին հավելավճար տրամադրելու արդյունքում կհամալրվեն ուսուցիչների թափուր տեղերը՝ հաշվի առնելով, որ այդ դպրոցներում ուսուցիչները գրեթե 1 դրույք ծանրաբեռնվածություն չեն ունենում: Ակնկալվում է, որ ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող պետական դպրոցներում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի տրամադրումը կնպաստի ուսուցչի թափուր հաստիքների համալրմանը, դասավանդման որակի բարելավմանը, մանկավարժների վարձատրության բարելավմանը:

ՀՀ  պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկայի) դասավանդող ուսուցիչների համար կսահմանվի վարձատրության հետևյալ սկզբունքը՝ լրավճարի չափը հավասար կլինի տվյալ ուսուցչի դրույքաչափի (հաշվի առնելով նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխությունը) 25 տոկոսին՝ չհաշվելով այլ հավելավճարները և լրավճարները։ Ակնկալվում է, որ նոր բարելավումը կնպաստի հանրապետությունում ԲՏՃՄ ոլորտի ուսուցիչների բացակայության խնդրի կարգավորմանը:

  • Կիսվել: