Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի՝ համայնքային կարևոր նշանակության 50 շենքերում կտեղադրվեն փոքր մասշտաբի ինքնավար արևային ՖՎ կայաններ
Հայաստանի երեք մարզում՝ Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում, իրականացվում է «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագիրը։
Էներգախնայողության աջակցման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում նշված մարզերի էներգետիկ տեսանկյունից աղքատ համայնքներում, հատկապես ցածր եկամուտ ունեցող խոցելի տնային տնտեսություններում և համայնքային շենքերում, կիրականացվեն էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներ՝ փոքր մասշտաբի ինքնավար արևային ՖՎ կայանների տեղադրում, պատուհանների փոխարինում, տանիքների ջերմամեկուսացում, արտաքին դռների փոխարինում և այլն։
Հայաստանի մայրաքաղաքից հեռու բնակավայրերի համար կարևոր նշանակություն ունեցող դրամաշնորհային այս ծրագիրն իրականցվում է «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի շրջանակներում։
Արդեն ընտրվել են Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի համայնքային կարևոր նշանակության հիսուն այն շենքերը, որտեղ «ԷկոՎիլ» ընկերությունը, որն ընտրվել է նախապես հայտարարված մրցույթով, կտեղադրի փոքր ՖՎ կայաններ (մինչև 5 կՎտ)։ Այդ շենքերում կիրականացվեն նաև ջերմամեկուսացման միջոցառումներ։ Ընտրությունը կատարելիս առաջնահերթությունը տրվել է կանանց և երիտասարդների համար հատուկ նշանակություն ունեցող հանրային ենթակառուցվածքներին, ինչպիսիք են մանկապարտեզը, առողջապահական, մշակութային, սպորտային կենտրոնները և այլն։ Ընտրության ժամանակ կարևորվել է նաև ուղիղ շահառուների քանակը, խոցելի խմբերի ներգրավվածությունը, այդ թվում՝ ԼՂ-ից տեղահանված շահառուների քանակը։
Ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակներում վերոնշյալ մարզերի /գյուղական համայնքների/ 20 տնային տնտեսություններում կիրականացվեն ջերմամեկուսացման միջոցառումներ, որոնց արդյունքում կկրճատվի վառելիքի օգտագործման ծավալը, կնվազի կենցաղային ծանրաբեռնվածությունը, կբարելավվի էներգաարդյունավետությունը, ինչը դրական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի պահպանության ու կայունության, ջերմոցային գազերի արտանետման կրճատման վրա։