ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կսահմանվի ուղևորափոխադրում իրականացնող վարորդների հանգստի ու աշխատանքային ռեժիմի կարգավորումը

Կսահմանվի ուղևորափոխադրում իրականացնող վարորդների հանգստի ու աշխատանքային ռեժիմի կարգավորումը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում այսօր քննարկվեց Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի և Արթուր Գրիգորյանի առաջարկած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու» մասին օրենքի նախագիծը:

Քննարկումներից հետո այն առաջին ընթերցմամբ ընդունվեց, իսկ 7-րդ կետը, որը վերաբերում էր «Պետական սահմանի մասին օրենքում լրացում կատարելու» մասին նախագծին, հեղինակը 2 ամիս ժամկետով հետաձգեց` լրամշակման համար:

Համաձայն նախագծի՝ այսօր կան կանոնավոր փոխադրում իրականացնողներ, սակայն քիչ չեն նաև համապատասխան լիցենզիաներ չունեցողները, ովքեր ևս իրականացնում ուղևորափոխադրումներ, օրինակ՝ Երևան-Թբիլիսի ուղղությամբ: Կարևոր է հատկապես վարորդի հանգստի և աշխատանքային ռեժիմի կարգավորումը, որը փաստացի կանոնակարգվելու է տախոգրաֆի միջոցով:

Առաջարկվում է նաև պարտադիր ապահովագրությանը ուշադրություն դարձնել, որը պետք է իրականացնի ուղևորափոխադրողը: Սա չի նախատեսում ուղևորատոմսի արժեքի թանկացում, և 3-րդ առաջարկով նախատեսվում է այդ հսկողությունն իրականացնել տեսչական մարմնի կողմից՝ 4 սահմանային անցակետերում:

«Տրանսպորտի մասին» օրենքի 26-րդ հոդվածը ամրագրել է, որ օդային, երկաթուղային, ջրային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով իրականացվող միջպետական փոխադրման դեպքում պետք է պարտադիր լինի ուղևորների ապահովագրությունը: Հայաստանը ևս անդամ է այդ համաձայնագրի: Այս առումով որպես լուծում առաջարկվում է Հայաստանի անդամակցությունը «Գրին քարտ »կոչվող միջազգային ապահովագրական համակարգին:

Առաջարկը վերաբերում է 6+1 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներին:

«Անցած տարի 29 վթար ենք ունեցել միջազգային փոխադրման մեջ 6+1 տրանսպորտային միջոցներով, որը մահվան ելքով է եղել: Վարորդը առանց հանգստի փորձել է հատել այդ հատվածը ու ճանապարհին քնել է, կորուստն էլ մարդկյային կյանքն է»,- ասաց Արթուր Դալլաքյանը:

Ամբողջ վերահսկողությունը, այդ թվում՝ տախոգրաֆ սարքերի վերահսկողությունը սահմանային անցակետ տեղափոխելու առաջարկը ,միանշանակ չընդունվեց:

Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Աշոտ Շահբազյանը նշեց, որ հնարավոր չէ դա իրականացնել:

«Շուրջօրյա հերթապահություն պետք է աահովվի, բացի այդ կա նաև խնդիր, որ սահմանը հատողի համար հոգս է ավելացվում, մյուս կողմից՝ կա նաև ԵՄ շրջանակներում համաձայնագրի կարգավորումներ, որ սահմանից դուրս կարող են կշռում անել. սա բեռնափոխադրումների մասով»,- ասաց Շահբազյանը:

Բացի այդ նշվեց նաև, որ կառավարությունը գնում է «Մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքով, որի շրջանակներում նույնիսկ նախատեսվում է սահմանին կրճատել վերահսկողական լիազորություն ունեցող մարմինների քանակը:

 

 

  • Կիսվել: