ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անցկացրել. ինչ է քննարկվել
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի հոբելյանական նիստ՝ նվիրված կուսակցության հիմնադրման 35-ամյակին:
Նիստի ընթացքում ծրագրային ելույթով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթներով հանդես եկան ՀՀԿ խորհրդի մի շարք անդամներ:
Եվս մեկ անգամ արժևորվեցին կուսակցության գործունեության գաղափարա-քաղաքական հիմքերն ու անցած ճանապարհը: Անդրադարձ եղավ պետության համար տարբեր ժամանակահատվածներում Հանրապետական կուսակցության ունեցած կարևորագույն ձեռքբերումներին և առաջընթացին, ինչպես նաև բացթողումներին ու թույլ տրված սխալներին:
Հանգամանորեն քննարկվեցին մեր պետության առջև այսօր ծառացած անվտանգային, տնտեսական, քաղաքական լրջագույն մարտահրավերները, առկա խնդիրներն ու դրանց պատճառները:
Արձանագրվեցին ստեղծված աղետալի իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղղությամբ կուսակցության անելիքներն ու անհրաժեշտ ծրագրերի տեսլականը:
Նիստի ավարտին ՀՀԿ խորհուրդը հանդես եկավ ուղերձով՝ ուղղված հանրությանն ու կուսակցության բոլոր անդամներին:
Հավելենք, որ Սերժ Սարգսյանը նիստի ժամանակ ասել է. «Որպես ՀՀ երրորդ նախագահ և Հանրապետական կուսակցության ղեկավար, ես վստահաբար ասում եմ, որ ամենից առաջ այսօր մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են պատվախնդրություն և հավատ, առաջին հերթին՝ սեփական ուժերի նկատմամբ։ Մենք իրավունք չունենք հուսահատվելու, հոգնելու, առավել ևս՝ ապրելու մեր սովորական, բնականոն կյանքով, քանի դեռ մեր երկրի ու ժողովրդի համար գոյաբանական վտանգը չենք չեզոքացրել հետևողական, համառ, ծանր աշխատանքի արդյունքում: Ոչ մի ժողովուրդ առանց այս ճանապարհն անցնելու հաջողության չի հասել:
Այսօր մեզ անխնա քննադատում, իսկ ավելի շատ՝ զրպարտում և մեզնից գործողություններ են պահանջում նաև նրանք, ովքեր մեծագույն հաճույքով մասնակցում էին մեր դեմ «դագաղների» ու «սև ժապավենների» խրախճանքին:
Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետում «դուք բերեցիք Նիկոլին» թեզը՝ մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը: Անցյալ, որը ոմանց համար միգուցե ազնիվ մոլորություն էր՝ իշխանության փոփոխությամբ իրենց կյանքում հրաշքների իրականացման ակնկալիքով, բայց ոմանց համար կանխամտածված գործողություն էր՝ սուտ խոստումներով իշխանությունը զավթելու նպատակի հետապնդմամբ»: